Ամառվան իրիկուն մըն է. Մեծ Փողոցին մեջեն կը քալեր դիտելով վաճառատուններու ապակիներուն պարզած պերճությունները, հանդարտ ու ստոյիկ, երբոր Կալաթա Սարայի մոտ Լևոնը տեսավ, ձեռքը օղիի շիշ մը բռնած, թուղթի մը փաթթված աղանդերի[1] տեսակներով:
Կեցավ. Հարցուց որի՛ տանիլը այդ ամենը. հյուր կար տունը, հյո՞ւր. ի՞նչ հյուր. օղիի փոքրիկ շիշը կը պատասխաներ իրեն. այս գլուխ գլխի զվարճության պատրաստությունները՝ փոքրիկ տղուն ձեռքին մեջ՝ պերճախոս ու ահռելի կը թվին հանկարծ. սթափում մը կ’ունենա. փոքրիկ մանրամասնություններ, որ իր աչքեն կը վրիպեին, հիմա կուգան հատիկ-հատիկ ամբաստանության ահագին զանգված մը ձևացնելու. իրա՞վ է արդյոք. այո՛, առջի անուղղա աղջիկն է այս կինը, այն, զոր Թաշ Վերտիվենի պատուհանեն կը տեսներ, եղրևանիին կապույտներուն մեջեն, և որ հիմա այդ ծառին պես ապաժաման ծաղկումներով կարթննար՝ տարիքը առնելուն հետ ուշ մնացողի մը պես՝ ավելի բուռն տենչանքներու կատարը բարձրանալու մրցումով:
Եվ կը խորհի իր ալ կյանքին, ամուլ, անօգուտ ու աննպատակ, ամբողջ տառապանքի, սպասումի կյանք մը, որ ընդքարշ գացած է միշտ այդ կնոջ ետևեն, բոլոր պատանությունը ու բոլոր երիտասարդությունը կապված, գամված այս կնոջ խոստմնատու նայվածքին, որոնք այս վայրկյանիս անկե բաժնվելով ո՛ևէ հենակետ մը չեն կրնար գտնել:
Իր պատրանքներուն այս քայքայման մեջ կը զգա, որ Մեծ Փողոցի շենքերը կ’երերան, իր վրա կը փլչին, կառք մը՝ զոր չի տեսներ՝ զինքը խորտակել կը սպառնա. թևեն կը քաշեն, անցորդները այս ապշած դեմքը դիտելով կը զբոսնուն: Սփոնեքի խանութին
- ↑ աղանդեր - ճաշից հետո մատուցվող մրգեղեն, քաղցրեղեն