Jump to content

Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բանի քիչ մը անհամաձայն թվող այս հավատարմության հարուցած ընդհանուր զարմանքին վրա զվարճանալով:

Շատոնց ըսեր էին բժիշկները, որ էրիկը երկար չապրիր, մինչդեռ մարդը հաճույք կը զգար ի դերև հանելով այս գուշակությունները ու իր հեք ոսկորներուն կմախաձև շենքը, իր կանչըցած երեսը պտտցնելով կնոջը պարարտ հրապույրներուն քովը:

Ո՛չ վեճ և ոչ կռիվ իրենց մեջը, ինչ որ քիչ զարմանք պատճառած չէր իրենց բարեկամներուն, որոնք, ամեն բարեկամներու պես, գայթակղություններու ակնկալությամբը կ’ապրին: Անակնկալ համերաշխությունը այս ամոլին՝ զրկանքի պես բան մը կ’ըլլար անոնց, որ ամուսնության հաջորդ օրվան համար գժտում, երկպառակություն նախատեսեր էին:

Եվ անոնք, որ ջանացեր էին իր հոմանիները ըլլալ, հիմա մեկիկ-մեկիկ քաշվեր էին, չծածկելով իրենց զայրույթը:

Մեկը միայն համառեր ու գամվեր էր անոր հրապույրներուն:

Օրթագյուդի իմ դպրոցական ընկերներես էր, ան ալ հեռվանց ծանոթ մը Էմմային, հիմա երեսունի մոտ, բայց դյուրահավատ ու միամիտ սրտով տղա մը, որուն հոգվույն ազնիվ մետաղը իր նոր թափծուի[1] փայլին մեջն էր տակավին և զոր ձախորդությանց շունչը չէր եկած նսեմացնել:

Մաքուր հագված, առանց սեթևեթի սակայն, միշտ կարդալու գիրք մը բռնած ձեռքը, ընթերցումը ըլլալով իր մեծագույն զբաղմունքը, ճերմակ թաշկինակովը՝ իր կարճատեսի ակնոցը մաքրելու զբաղած շարունակ:

Ամեն աղմուկե, չափազանցութենե հեռացող իր կյանքը՝ իրավամբ մեզ ամենուս օրինակ ցուցուցած էին միշտ: Երկրաչափական-ձևերու ճշտությամբ կազմված էր իր գոյությունը: Հորը մորը մեկ հատիկը, աչքերնուն լույսն ու պարծանքն էր. զինքը ամուսնացնելու կարոտեն զատ իր ծնողքը մտմտուք չունեին:

  1. թափծու - թափածո, ձուլածո, թափած