ճմլվող ձյունին միօրինակ խշրտուքը պարի եղանակներ կ’արթնցներ մտքին մեջ, վալսը՝ իր թախծալից բանաստեղծությամբը, մազուրքան՝ իր ընդհատված նվագներով:
Վաստակաբեկ ու դանդաղ քայլերուն հետ քաղվածք մը կըներ իր երեկույթեն. և երաժշտության, պարի, գույներու, ծանոթ ու անծանոթ դեմքերու մեջեն. կնոջ պատկեր մը միայն կը մնար, վես, խռովիչ ու անբարտավան դեմք մը, որուն արհամարհոտ և բարձրաձայն ծիծաղը կը հնչեր իր ականջին մեջ, իր հոգվույն խորը:
Առջի տեսնելուն կանգ առած էր այդ տիկնոջ քով, որ պարահանդեսին մտերմական ու ընտանեկան ձևին համար անշուշտ իր օթյակը ձգելով պարասրահը կ’իջներ, ձախ ձեռքովը հանգրիճած իր վարդագույն բեհեզե շրջազգեստը, ծանոթներու, մտերիմներու բաժնելով իր ժպիտը ու գլխու թեթև բարև մը:
Այդ վայրկյանեն չէր կրցած հեռանալ անոր քովերեն, ժամ մը ամբողջ լրտեսելով խոսակցությունը, շարժումը, ակնարկը, նախանձելով զայն բոլոր քովը մոտեցող մարդոցմե, մեծ մասամբ տարիքոտ դրամատերեր, որոնց ալևոր գլուխը երիտասարդ կնոջ սևաթույր մազերուն կը քսվեր:
Փոխն ի փոխ անոնց թևն էր, սրահին շրջանը ընելով ու պարծենալով կարծես մեծ անձերու իրեն դեմ ցույց տված քծնող ու ցավատանջ ցանկության համար: Պահ մը ուշադրությամբ դիտած էր զինքը, իր համառ ու շրջապատող նայվածքին պատճառը հասկնալու համար, հետո դառնալով իր քովի անձին՝ ցույց տված էր զինքը. անունը կը հարցներ թերևս, ծանոթ մեկը չէր, ըսած էին:
Ու ինքը հեռուն անշարժ կը կենար, դիտելով անոր գեղաշնորհ հասակը ու լեցուն ուսերուն շրջագիծը, որ երկուստեք մեջքը կ’ամփոփեր, կը սեղմեր:
Այսպես պիտի տևեր մինչև լույս, եթե բարեկամ մը չհանդիպեր ու հանձնառու չըլլար այս տիկնոջ մոտ առաջնորդելու զինքը: Դպրոցական դասընկեր մըն էր ատենով, հիմա կարևոր դիրքի տեր երիտա