Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միևնույն սիրահալ նվազումներով, մարմնի միևնույն ընծայումներով կը վարվեր:

Առտուն, փողոցին մեջ, այս էր դեռ իր միտքը զբաղեցնող պատկերը, որ հիմա հետադարձ նախանձով մը սիրտը կը կեղեքեր, մինչդեռ ձյունը կը շարունակեր գալ գորշ ու ամպամած երկինքեն, դանդաղ, վարանոտ, ծայրանաձև գիծերով. և երկինքի այս ձյունաթույր սպիտակությունը սիրահոժար կուգար տարածվելու հողին վրա և իր սպիտակ կուրծքը հանձնելու անցորդի մը գարշապարին, ոչ ցեխը և ոչ աղտը չէր կեցներ զինքը. ու հաճույք կը զգար կարծես այսպես ոտքերու տակ տղմաթաթավ հեծեծելուն և ճզմվելուն մեջ:

Գ.

Ուսուցիչ ու բանաստեղծ էր միանգամայն, գավառացի նիհար ու վատառողջ տղա մը, այս Դավիթյանը, որ կասկածոտ, համառ ու խնայող մարդու կենցաղովը իր դրսեցիի ծագումը կը պահեր:

Փերա, Քալիոնճու-Քուլլուքի տուներեն մեկուն մեջ, ուր իրեն պես դեռ քանի մը ամուրի երիտասարդներ կը բնակեին, սենյակ մը վարձած էր, իր բոլոր տունն ու տեղը, և իր մայրենի լեզվի դասախոսություններեն զզված, քերականության կանոնները հազարերորդ անգամ ավանդելե ձանձրացած, գրգռված, հուսահատ, կը դառնար իր սենյակը ու իր հավաքած փոքրիկ դրամագլխովը ուրիշ գործ մը փնտրելու, ապագա մը պատրաստելու մտադիր. այս ակնկալությամբ, առանձին մնացած ժամերուն, քերթվածներ գրելով կ’անցըներ ատենը:

Փերան կը սիրեր՝ իր մարդաշատ տուներուն, մեծ փողոցին, քարուկիր ու բազմահարկ շենքերուն, աղմկալից կյանքին համար, այս բազմութենեն ու ժխորեն կ’ախորժեր. ու իրիկունները իր սովորությունն էր, ելլել դուրս, եղեգնյա փոքրիկ գավազանը ձեռքը,