Jump to content

Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իր բանաստեղծի լայն ճակատը բացած, Կալաթա-Սերայեն մինչև Թաքսիմ շրջան մը ընելու, ման գալու, ինչպես կ’ըսեր ինք, ու կիներու այս մեծ շուկային տեսքը, այս վաճառիկ հրապույրները վայելելու:

Այս հարուստ արվարձանը հազար ներշնչումներով լեցուն էր իր աչքին. և կ’ուսումնասիրեր զայն իր դուրսի զվարճության երևույթին տակ և ներսի մոլության ու ապականության սարսուռներուն մեջ:

Օր մը, հանկարծ, հրատարակության տվավ իր քերթվածները. իր Վերջալույսի ցոլքերը նորություն մըն էր. ոչ ծաղկի խոսք կար հոն, ոչ արևի և ոչ սոխակի. այս ցոլքերու լույսովը ինքը ցույց կուտար մեծ քաղքի մը ստվերամած փողոցները, այդտեղի կյանքը իր հարափոփոխ միօրինակության մեջ: Բնապաշտ քերթող մը եղավ ու հաջողեցավ. հայ տիկինները որոնք գրականությամբ կը զբաղեին, հետաքրքրվեցան, տեսնել ուզեցին զինքը. մինչդեռ իր դասախոսած դպրոցներու պասմանի հոգաբարձուները հանդիմանեցին զինքը:

- Մյուսյու Դավիթյան, ձեր գրությունները բարոյականի դեմ են, թող որ բան մը չի հասկցվիր այդ քերթվածներեն:

- Հակասության մեջ եք, էֆենտի, թե որ բան մը չի հասկցվիր այդ գիրքեն, ի՞նչպես գիտցաք, որ բարոյականի դեմ էր:

Հոգաբարձուն պզտիկ մնաց. բայց հաջորդ դասին ավանդական ու մահաբույր բանաձևը հասավ իրեն.

- Դադարյալ եք:

Դադարյա՜լ. դասատունե՛րը գիտեն միայն այս անցյալ դերբային ահարկու նշանակությունը. այս բառը կը նշանակե նախ որ ամսական թոշակե մը զրկված են, և մինչև որ նոր գործ մը գտնեն պետք է ա՛լ ավելի չափավորեն իրենց արդեն խնայող կյանքը. հետո այս բառը իր պատճառներուն մեջ կը նշանակե, որ դասատուն հարգական կերպով չէ բարևած հոգաբարձուն՝ փողոցը հանդիպած ատեն, փեշը փեշին, տասնյակ մատները իրարու կցած, ճշտելով անցորդ