Jump to content

Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներուն առջև իր ակնկալու դիրքը և սպասելով, որ նախ մյուսը բարևե բարձրաձայն.

- Ի՞նչպես ես, պ. Դավիթյան:

Եվ շարունակե ճամփան առանց պատասխանի սպասելու:

Բանաստեղծը այս քրեական հանցանքներով արդեն նշանակված էր հոգաբարձության մտքին մեջ. մեծ փողոցին մեջ անոր գավազանը ճոճելով անցուդարձը, զիրենք չտեսնելու զարնելը, երբեմն մտերմաբար քովերնին մոտենալ ու խոսիլը, այս անբարոյական քերթվածներուն լույս տեսնելուն միանալով, շատ իսկ էին դադարման այդ որոշումը արդարացնելու:

Ինքը, ճշմարիտ դրսեցի, համառ ու անբարտավան իր անկման մեջ, պարզապես ծիծաղեցավ լսելով այս որոշումը, զոր կառավարիչը կը հաղորդեր իրեն:

- Խայտառակնե՛ր, - գոչեց բարձրաձայն:

Մինչդեռ կառավարիչը իր ականջը կը գոցեր, չլսելու համար այս անլուր հայհոյությունը ու իր ներկայությամբը մեղսակից չդառնալու համար:

Հիմա դաս տալե տարբեր հոգ ու մտածում ուներ երիտասարդը. ուրիշ ատեն իր դրամ շահելու հետամուտ ոգին պիտի զայրանար. այս վայրկյանիս գրեթե նախախնամական բան մը եղավ այդ դադարումը, որ միջոց կը թողուր իրեն ծույլ ու երազող բանաստեղծի անուրջներու:

Դ.

Վերջապես միջոց մը գտած էր երթալու Հովսեփյաններուն տունը, տիկնոջ չորեքշաբթի օրվան երեկույթներուն, որոնց սովորական հյուրերը զարմացած կը նայեին այս նորեկին երեսն ի վեր:

Այս տանը մեջ երիտասարդը ուսուցիչե ավելի բանաստեղծ մըն էր. և բանաստեղծե ավելի՝ ոսկեհեր մազերով, խանդավառ խոսվածքով տղա մը, որ իր սիրահարի ձևերը չէր գիտեր ծածկել նախանձոտ աչքերե:

- Վարժապե՛տ մը, - կ’ըսեին տիկնոջ մտերիմները: