- Ի՞նչ փույթ, կը բավե որ սիրուն տղա մըն է:
Տիկին Հովսեփյան, իրեն շուրջը դարձող պեյերեն ու էֆենտիներեն ձանձրացած կը թվեր ու նոր պատմություն մը կը սկսեր: Ապաքեն միշտ սիրած էր նոր պատմությունները: Համբավավոր ընտանիքի մը կը պատկաներ, վերջերս ինկած՝ բայց պահող միշտ ճոխ ու փարթամ կյանքի վարժությունը:
Իրենց հարստության սպառելուն հետ իր ամուսնության համար երազած փառատենչ ակնկալությունները պակսած էին. դեսպան մը, պետական բարձր պաշտոնյա մը փափագած էր ամուսին ունենալ, հետո առաջին քարտուղարով մը պիտի գոհանար, վերջ ի վերջո Հովսեփյան Պողոս էֆենտիին հետ ամուսնացած էր, հարուստ երիտասարդ մը, հորը մեկ հատիկ որդին, որ աֆիոնի և բամբակի առևտուրով կը զբաղեր, մեծ դժվարություններ քաշեց համակերպելու համար իր նոր դիրքին. վաճառականը իր հաշվի, տետրակի, աֆիոնի խոսակցությամբը, իր մաղազաի մարդու կենցաղովը գռեհիկ ու ստորին երևույթ մը ուներ. առջի օրեն՝ փեսացուին մեկնելեն վերջք՝ իր տպավորությունը չէր ծածկած բնավ:
- Ո՞ւսկից գտաք այս այվազը[1]:
Վերջը համոզվեցավ. բարեկամուհիներ խրատեր էին զինքը:
- Հո՛գդ, թող այվազ ըլլա, դուն նորեն սիրտիդ սիրածը գտիր:
Ամուսնացավ ու այս հարսնիքը երկար ատեն խոսվեցավ Պոլսո մեջ. մինակ առտվան սուփեին[2] երկու հարյուր ոսկի ծախսված էր: Հետո զատ տուն տեղ ըլլալ հարկ եղավ. Փերա բնակիլ կ’ուզեր. իր խոսքը եղավ: Միսք փողոցը տարին 120 ոսկի վարձքով տուն մը վարձեցին ու կահավորեցին. հարսը իր եվրոպա