կան կրթության համեմատ ապրելու եղանակ մը հաստատեց. իրեն հատուկ սրահ, սենյակ ու ննջասենյակ ուներ, զորս իր ճաշակով զարդարած էր փլյուշի[1], աթլասի կերպասներով, ուր լույսը կ’արգիլվեր երիցս վարագուրյալ պատուհաններեն:
Վաճառականը բան մը չէր հասկնար այս անօգուտ շռայլութենեն, պատերուն, աթոռակներու վրա դրված Չինի ու Հնդկաչինի հազար մանրակերտ նյութերեն, որոնց ոսկեզօծ նկարները այս մութ սենյակներուն մեջ կը փայլեին. նվիրական տեղ մը մտնելու պես կուգար հոս, որ ոտք կոխելու տեղ չկար, և ուր մթնոլորտը հարսին գործածած էքսթռեներուն բուրումովը թանձրացած էր, մինչդեռ պատերը ու տախտակամածը ծածկող օթոցները ամեն ձայն ու աղմուկ կը խեղդեին:
Հետո երեկույթներու և ընդունելությանց շարքը սկսավ. ամեն կողմե կը հրավիրվեին իրենք և պարտավոր էին հրավիրելու. էրիկը հլու և հնազանդ, չէր կրնար դիմադրել. իրենց դիրքը կը պահանջեր, և տարին երեք չորս հեղ տիկին Հովսեփյան Փերայի հայ և օտարազգի մեծ ընտանիքները իր տունը կը հավաքեր՝ ճշմարիտ պարահանդեսներ տալով:
Կը զբոսնուր, թողլով որ ամեն տեղ էրիկը իր բամբակի, աֆիոնի արտադրության, մաքսի, պալյաի[2] խնդիրները պտտցնե ուզածին պես:
Ամառը Փրինքիփո կ’երթային օդափոխության. չէին կրնար էսնաֆի պես ամբողջ տարին միևնույն տունը բնակիլ. հոն ալ հյուրերը պակաս չէին և այս կյանքը կը շարունակվեր, ապահով ու ստույգ կործանման առաջնորդելով իր էրիկը, ինքը այդ անդունդին կը նայեր անտարբեր, գրեթե հաճույքով, հետաքրքիր՝ հասկնալու համար անոր հետևությունները:
Չորս տարվան ընթացքի մը մեջ բոլորովին զզված էրկանը առևտրական խոսակցութենեն, հետզհե