կար կարող աղջիկներ իրենց գործին գլուխը կու գային:
Առտու էր:
Վեց ամսե ի վեր այս մաղազաին[1] մեջ կ’աշխատեր իր հորեղբորը տեղ, որ տասը տարի իբրև բեռնակիր ու պահապան ծառայելե վերջ հայրենիք վերադարձած էր, Մարտիրոսը թողլով իր տեղը:
Տասնըինը տարու կար չկար. բարձրահասակ ու մենծ մենծի էր, ինչպես կ’ըսեին կիները, բայց իր թուխ ու գեղեցիկ դեմքը պատանության փափկությունը կը պահեր առնական դրոշմը առնելով հանդերձ. սևահեր ու սևաչվի էր. քաղցր, վեհերոտ և տղայական բան մը ուներ իր նայվածքը. լայն ու դուրս ցցված կուրծքը իր հզոր ու հպարտ իրանին բոլոր աոավելությունները ցույց կու տար: Կապույտ չուխայե ձեռք մը հագուստ շինել տվեր էին իրեն, որ աղեկ կը վայլեր իր կորովի ու առույգ մարմնին. ջլապինդ բազուկները հազվագյուտ ուժ մը պետք էին ունենալ, մինչդեռ կարճ ու ամփոփ փոխանին զանգապանը ազդրերուն հարուստ ու բարեձև լեցունությունը կը հաստատեր:
Փերայի մեջ նորություն մը եղավ այս նորեկ պահապանը, կիները հիացան ու սքանչացան այս երիտասարդին վրա, որուն ամչկոտ համեստությունը նոր ու կանանց համար միայն հասկնալի հրապույր մը կու տար իրեն:
Վաճառատան համար ձգողության պատճառ մը եղավ այս պատանի մարդը. ինքը միայն չհասկցավ այն հետաքրքիր ու մանրախույզ նայվածքները, որոնց ենթակա էր. ամենքը համակրելի կը գտնեին զինքը ու չէին քաշվեր բացե ի բաց իր երեսին ըսելու այնպիսի անհավատալի համարձակությամբ մը, որուն վրա կը զարմանար:
- Ամուսնացա՞ծ ես,- կը հարցնեին իրեն ամեն կողմե: Ու հաստատական պատասխանին վրա, որը
- ↑ մաղազա - (թուրք.) այստեղ՝ վաճառատուն, խանութ