կը ցավեր, որը կը ծիծաղեր. այս պոլսեցի կիները կատակը կը սիրեին. այնպիսի հիմար բաներ կը տեսներ, որոնց վրա հազիվ իր խնդուքը կը զսպեր:
Առանց բացորոշ բան մը գիտնալու, իր նրբամիտ դրսեցիի բնազդումովը կ’ըմբռներ սակայն, որ իր նպաստավոր ընդունելությունը ավելի վայելուչ մարմնին կը պարտեր, քան թե իր աշխատությանը:
«Փռենթան»–ի վաճառատան մեջ առջի օրերը Մարտիրոսի համար ապշության, զարմանքի ու սքանչացման օրեր եղան:
Այս բազմահարկ ու փառավոր շենքը, իր հազար ու մեկ բաժանումներովը, օձապտույտ սանդուխներովը, ճոխությամբը, հաճախորդներու անընդհատ հոսանքովը, պզտիկ, բայց երանելի քաղաքի մը ազդեցությունը ունեցավ իր վրա:
Առտվընե մինչև իրիկուն ոսկիներու, մեճիտիեներու հնչյունն էր, որ կու գար դրան մոտ դրված սեղանին կողմեն, ուր հատուկ պաշտոնյա մը տոմարներու[1] վրա ծռած՝ անհավատալի գումարներ ժողվելու միայն զբաղած էր:
Հաճախորդներ, մեծ մասամբ կիներ, համարձակ, երեսնին բաց, ամեն ազգե, գլխավորապես ֆրենկներ[2], մինչև անգամ թրքուհիներ ու հայուհիներ, շպարված ներկված, միշտ գեղեցիկ ու ա՛լ ավելի գեղեցիկ լինելու հետամուտ՝ կու գային անվերջանալի պահանջներով, վեճերով զբաղեցնելու բոլոր խանութը:
Ինքը՝ հոն կանգուն էր, շվարած, բան մը չհասկնալով այս տարօրինակ ու միջազգային լեզվեն, զոր կը խոսեին և այս առուծախեն, որուն օգտակարությունը չէր ըմբռներ: Հետո ինքն ալ վարժվելով