Jump to content

Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քիչ-քիչ այս բուրդե, մետաքսե, ասվիե[1], շղարշե, թավիշե ծրարներուն, զորս մեկ օրեն մյուսը այս կանանց շրջազգեստը դարձած կը տեսներ, տակավ առ տակավ հասկնալով այս ամենը, ֆրանսերեն բառեր շարունակ լսելով ու սորվելով: Պարապ չէին թողուր զինքը խանութին մեջ. անընդհատ տարուբեր այս բոլոր նյութերուն մեջ, զորս մեկ տեղեն մյուսը կը փոխադրեր մինչև իրիկուն:

Եվ գիշերը, երբ այս բոլոր ժխորը դադրեր ու մինակ մնար ընդարձակ խանութին մեջ, վարանոտ ու հետաքրքիր, կը խառներ, կը ջանար հասկնալ իր շուրջի բոլոր նյութերը:

Հոս ֆիլտեքոսե կամ մետաքսե կանացի գուլպաներ գույնզգույն, բանված, մինչև զիստը ամփոփելու չափ երկայն, որոնց ներդաշնակ շրջագիծը մարմնին ճշտությամբ պատկանելու համար ձևված էր. անդին ճերմակեղեններ՝ սպիտակ ու նուրբ վուշե, որոնց իր համբակ մտքովը գործածության տեղ չէր գտներ. շապիկներ՝ երկար, լայն, թափանցիկ, փրփուր տանթելներով[2] խառն, որոնք կուրծքը մերկ ձգելու քան թե ծածկելու համար պատրաստված էին. ուրիշ ճերմակեղեն հանդերձներ, կարվա՞ծ թե կարվելիք, չէր գիտեր, վասն զի է՛ն անհրաժեշտ մասերը իրարմե անջատ ու բաց թողված կը տեսնվեին. ավելի անդին գլխարկներ, թռչուններով կամ ծաղիկներով զարդարուն, կոշիկներ տարօրինակ ձևերով, ձեռնոցներ, պախճավանդներ, ծնրակապեր - այս վերջինները կը ճանչնար հայրենիքեն, և զորս երբեմն իր ծունկին վրա կը փորձեր - վերջապես հազար խռովիչ ու հեշտավետ առարկաներ, մանավանդ դեղաբույր փոքրիկ ու զարդարուն շիշեր, որոնք իր դրսեցիի դյուրագրգիռ քիթին համար ամենեն ախորժալի էին:

Բայց վերի հարկը ա՛լ ավելի զարմանքներու կը հանդիպեր. կար կարողներու սենյակին մեջ, մերկ,

  1. ասվի, ասվիե - բրդից պատրաստված
  2. տանթել - (ֆրանս.) ժանյակ