Jump to content

Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իր ձեռքը կը հասցներ, անոր քարացած ու ապականած սիրտը շարժելու անկարող էին. ստակ կը ղրկեր որչափ որ ուզեին, բայց դառնալու խոսք մտիկ չէր ըներ:

Ու հեմշերիները, անդին, իրմե քայլ մը հեռու, խնայողությամբ ու զրկանքով ստակ հավաքած, մաս առ մաս կը վերադառնային հայրենիք, սիլանուն խավուշմիշ ըլլալու:

Զ.

Ձմեռնամուտին, շրջակա գյուղերեն շատեր Պոլսեն դարձան եկան. ամուսիններ, նշանածներ ու աղջիկներ խնդացին, գյուղային ու ընտանեկան կյանքը իր բոլոր սուրբ ու մաքուր եռանդովը վերակենդանացավ:

Խաչոն այդ վերադարձողներեն էր. արտ մը ու զույգ մը եզ գնելու չափ ստակ ժողվեր ու եկեր էր. նշանած էր արդեն ու հարսանիքը չուշացուցին. Մարտիրոսի մեկ հորեղբայրը կնքահայր եղավ. ամենքը կը սիրեին Խաչոն. ուրախության, տոնի օր մը եղավ հարսնիքին օրը:

Զարդար հոն էր. իրեն ալ ճիշտ վեց տարի առաջ այսպես ուրախությամբ տոներ էին հարսնիքը, դրացի ու գյուղացի եկեր էին, այո՛, ճիշտ այսօրվա պես հազար մաղթանքներ ընելու: Բայց քանի մը օր վերջը էրիկը ձգեր գացեր էր զինքը ու ա՛լ չէր երևցեր, և իր առանձնությունն ու լքումը ամոթ մը կը թվեր իրեն՝ այս ցնծահույզ բազմության մեջ:

Ետ դարձան. հետևյալ օրը իրենց ամայի տնակը բոլորովին մութ ու խավար երևցավ իր աչքին:

Գուցե տասներորդ անգամը ըլլալով սրտաբուխ ուխտով եկեղեցի վազեց ու տիրամոր պատկերին առջև արտասվելով իր խնդիրքը ըրավ. և տիրամայրը, արծաթե թագը գլխուն, ունկնդրեց իր սևցած ոսկեզօծ շրջանակեն, ինչպես շատերուն աղաչանքներուն էր ունկնդրած: