Jump to content

Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ապա ձմեռը հասավ իր բոլոր սաստկությամբ, իբրև թե այս հայրենիք դարձողներուն հիշեցնելու համար, որ հարմար ժամանակին հասած էին հայրենի վառարանը:

Ու Պոլսեն լուրեր, տեղեկություններ կու տային գյուղե գյուղ անոնց վրա, որոնք այս աշնան չէին կրցած միասին դառնալ. Կարապետ հաջորդ տարին, իսկ Կիրակոս մյուսին պիտի դառնար: Միայն Մարտիրոսի վերադարձին խոսքը չկար: Հետո ձյուն ու սառույց ամեն կողմ, ամեն ոք իր տան մեջ փակված, և այսպես տարի մը ևս լրացավ:

Է.

«Փռենթան»–ի վայելչակազմ պահապանը աղեկ ճամփու մեջ էր: Մոլությունն ու ապականությունը սահուն զառիվայր մըն է, որուն կեսին վրա կանգ առնել դժվար է:

Տարիները կ’անցնեին միշտ ու ինքը, Փերայի փողոցներուն մեջ կը շրջեր թափառահած, միշտ մաքուր հագված, ածիլված, սև պեխերը ոլորուն ու հնդիկ իշխանի մը պես պահելով իր հայրենի զգեստները, որոնք իրեն այնքան աղեկ կը վայլեին: Օր մը միայն, փորձի համար, Եվրոպական զգեստներ հագած էր և այն օրը ոչ ոք երեսը նայեցավ:

Հիմա Փերայի ամեն սովորությանցը, զբոսանքներուն մոլությանցը տեղյակ մեկն էր. բավական ատենե ի վեր ահա կը վարեր գեղեցիկ ու առույգ հսկա մարդու դերը:

Այս կյանքը չէր կրնար տևել այսպես. իր ազդած հրապույրը կը ռամկանար[1] առջի հետաքրքրությունը կը նվազեր:

Նոր եկող պարզամիտ տղան չէր. բայց ի՞նչ օգուտ, հարուստ տիկնանց համակրությունը՝ ծառերուն վրա կեցող թռչուններուն պես անհաստատ է:

  1. ռամկանալ - հասարականալ