Իր պաշտպանուհին ճամփած էր զինքը, ու խանութին մեջ հին օրերու վաստակին տասներորդը անգամ չուներ. մոտան անցնելը այդ վաճառատան մեջ գտնվող բոլոր նյութերուն ճակատագիրն էր, և ինքն ալ այդ նյութերեն մեկը եղած էր բավական ատեն: Սակայն վստահ ու հանձնապաստան ձև մը ստացեր էր ու իր երիտասարդության ատենեն մնացած վարժությամբ մը, եթե ոչ տիկիններու, գեթ կար կարողներու կամ ասդին անդին տուներու մեջ աշխատող սպասուհիներու մոտ հարգի էր:
Հանկարծ հայրենիքեն թուղթ մը եկավ, որ բռնի կը հիշեցներ իրեն մոռցած ու ոտնակոխ ըրած սրբազան պարտավորությունները. այն բարակ պահարանին մեջեն ելլող քառածալ թուղթի կտորը անխուսափելի պարսավ մըն էր, ուսկից ակամա կ’ամչնար. այդ անզգա փոքրիկ սուրհանդակը ընտանի և անողոք մարդու կերպարանք կ’առներ և զինքը կը հանդիմաներ: Ո՜րքան արժանի էր այս հանդիմանությանց, այն ատեն կը զղջար, ինքնիրեն որոշում կու տար երկիր երթալու, վաղանցի՜կ ու անհաստատ որոշում, զոր գործադրելու ույժը կը պակսեր իրեն:
Ու այսպես կը համոզվեր, որ Պոլիս մնալե ուրիշ միջոց չկար իրեն, ու ժամանակը կ’անցներ:
Օր մըն ալ զգաց, որ տարիքը առնելու վրա էր. սպիտակ թելեր կ’երևային մազերուն մեջ. հայելին՝ ավերած ցուցուց իր դեմքին գիծերը: Զարմացավ. ի՜նչ շուտ. երկու օր մտածեց ասոր վրա, հետո դարձյալ շարունակեց իր առջի ընթացքը:
Հարցնողներուն ա՛լ չէր ըսեր, որ ամուսնացած է. բավական ատենե ի վեր վաճառատունեն ալ ելած էր ու դրամի նեղություն ունեցավ:
Պարտիզակցի սպասուհի մը՝ վերջին մնացորդ իր նախկին հարաբերություններուն, ավելցուցած բոլոր ստակը, իր չորս հազար ղրուշը կուտար իրեն, եթե զինքը կնության առներ:
Մարտիրոս բեռնակրություն ընելու ույժ և կամք չուներ, գործ մը բռնել կ’ուզեր ու գործը առանց դրամագլխի չըլլար: Ինքնիրեն ըսավ նաև, թե քանի որ