Jump to content

Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մատնված հոր մը զավակն էր: Աղջիկ ատենեն, երբ պասմա շրջազգեստի մը ախը քաշած էր բոլոր ամառը, երբ իրենց աղքատիկ կարասիներուն նայելով, ճոխ ու զարդարուն սենյակի մը կարոտովը տանջված էր, երբեք հուսակտուր եղած չէր. կը զգար, ինչուն չէր գիտեր թեև, որ այս չքավորությունը վաղանցիկ բան մըն էր, այս հինումին տունը վերջնական կայան մը չէր: Կը հիշեր, իբրև մշուշի մը մեջեն, իր մանկության օրերուն փարթամ վիճակը, բազմաթիվ սպասավորներով ընդարձակ ապարանքը, անհատնում սրահներով ու սենյակներով լեցուն, հեռանկար մը, որ կը հրահրեր, կը տոչորեր իր երիտասարդուհիի իղձերն ու տառապանքը:

Ու կը խորհեր, որ այս ամենը վերադարձնելու, իրականացնելու կարող մեկը, աղերսանքի ունկնդրող հազվագյուտ մեկը, քովը, մոտը, գլխուն վրա էր, աստվա՜ծ: Եվ իր ամուլ[1] մնացող փափագներուն, փառասիրական ցնորքներուն սաստկությանը չափ, աստուծո վրա իր հավատքը զորավոր ու հաստատ կը դառնար:

Կը հավատար, որովհետև անհրաժեշտ էր այդ հավատքը իր կարոտ ու զրկյալ հոգվույն:

Իսկ հիմա այնչափ ավելի, որքան այդ պատանուհիի երազները՝ անհուսալի, ո՜հ, բոլորովին անհուսալի ամուսնությամբ մը ստուգության փոխված էին. և անկեղծ երախտագիտությամբ մը լեցված, ինքը գոհ ըլլալուն համար կարծելով, որ ամենքն ալ պետք են գոհ ըլլալ, պարզամիտ և ակամա եսության մը բերմամբ, ինքն ալ փոխադարձապես պաշտպան կը կանգներ իր աստուծուն ամեն կարգի թերահավատներու դեմ, որոնց շատնալը կը դիտեր ցավով ու զարմանքով: Կը մաքառեր անկեղծ եռանդով մը, չզգալով իր փաստերուն տկարությունը:

Կը ծաղրեին զինքը, կը խնդային իր անդրդվելի համոզմանը վրա. ամեն, կերպ աղետներ, մահ, ավերում, հրդեհ, աղքատություն կը թվեին իր առջև, հա

  1. ամուլ - անօգուտ, ապարդյուն, անպտուղ