Jump to content

Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մար պահանջելով այս ցավերու և անիծից աստուծմեն: Ոմանք, հայհոյիչնե՛ր, անոր գոյությունը կ’ուրանային ու Սոֆիկ հանըմ, չկրնալով այս նախատինքներուն տոկալ, ոտքի կ’ելլեր ձեռնամած գոչելով.

— Անուշիկ աստվածս, աս ինչե՜ր պիտի լսեմ եղեր:

Ինքը բարիք միայն վայելած էր անկե, այդ մահերուն, ավերումներուն զոհ գացող անձերուն համար անշուշտ աստուծո արդարությունը այնպես տնօրինած էր, այս պատուհասները առանց պատճառի չէին հարկավ:

Գ.

Հիմա «վերադարձի վրա» կին մըն էր. բացորոշ ծերության մեջ թևակոխելե առաջ կիները երիտասարդության, թարմության հրապույր մը կը վերստանան միշտ. Սոֆիկ հանըմ այդ վերջալույսի հրապույրովը կը փայլեր, իր աղջկանը չէին փոխեր զինքը: Դարձյալ առջի հավատացյալ կինն էր, թեև այն քսանհինգ տարիներուն, որոնք անծանոթ ու թշնամի հովե մը մղված ալիքներու պես եկեր անցեր էին, շատ կորուստներ տված էր: Իր կրոնասիրությունը անդրդվելի մնացած էր սակայն այն հարատև ձախորդությանց մեջ, զոր չըմբռնել կը սկսեր: Քանի մը տարվան մեջ չորս զավակներե երկուքը մահը առեր տարեր էր իր ձեռքեն և էրկանը հարստութենեն քոնսոլիտեի[1] կորուստներու, հիմնահատակ փճացումին հիշատակը մնացած էր:

Ի՞նչ բանի համար արդյոք աստված կը պատմեր զինքը. հետաքրքիր, անձկահույզ կը քններ կը պրպտեր իր կյանքը, ուշադիր՝ սև բիծ մը, չար գաղափար մը չմոռնալու չափ. այս անվերջ հետախուզություններուն մեջ ոչինչ կը գտներ՝ անընդհատ դժբախտությանց արժանանալու չափ կարևորություն

  1. քոնսոլիտե - (ֆրանս) պետական պարտատոմս, արժեթուղթ