Jump to content

Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ունեցող: Կը սարսափեր մանավանդ վերահաս աղքատութենեն: Դժգոհ և անհանգիստ կը մնար միտքը, զարմանալով այս բարեկամ աստուծուն իրեն դեմ բռնած տարօրինակ ընթացքին վրա:

Կ’աղոթեր, հարցումներով լեցուն աղոթքներ, իբր թե իր մտերմին երեսին ըսեր.

- Ի՞նչ պատճառով մեզի նեղացած եք:

Ի՞նչ կար անցած դարձած մեջերնին այսչափ գժտելու համար. և ընդունելի պատճառ մը գտնելե հուսաբեկ, հարյուր անգամ քավված ու թողության արժանացած մեղքերու վրա միտք հոգնեցնելե ձանձրացած, կ’առանձնանար իր սենյակը, առջի հարսանեկան սենյակը, և աչքին առջև ցածուկ եկեղեցին իր քառաթև որմերով կը տարածվեր, իր կամարներուն ուռեցքը կը թավալեր օդին մեջ, հանդարտ ու անփույթ առջի օրվան պես. խարիսխը կը շարունակեր վստահություն ներշնչել:

Հետո պզտիկ հաշտության թվական մը սկսավ աստուծո և իր տանը մեջ. առջինեկ զավակը եկավ հասավ, ճիշտ ժամանակին, վասնզի բոլորովին փճացած էին ալ. որքան աղոթա՜ծ պաղատած էր աստուծո այս սիրական զավկին համար, հիվանդոտ ու նիհար տղա մը: Ամենքը կը գովեին այս երիտասարդը, որ կառավարական պաշտոնի կոչված՝ փայլուն ապագա մը կը խոստանար: Այն ատեն Սոֆիկ հանըմ ինքզինքը մեղադրեց վայրկյան մը կասկածած ըլլալուն համար աստուծո անհուն գթությանը վրա. առտու իրիկուն իր եկեղեցին վազեց, մոմ վառելով խորանին ու բոլոր պատկերներուն առջև:

Շատ մը մարդիկ չտեսնել կը ձևացնեին իր ամուսինը՝ իմացած ըլլալով անոր դրամական վիճակը: Հիմա զավկին հաջողությունը լսելով նորեն բարևել կ’սկսեին զինքը, իբրև թե ճամփորդութենե մը վերադարձած ըլլար:

Եվ այս տեսած բարիքին փոխարեն, երախտիք ճանչցող անձի պարկեշտությամբ, Սոֆիկ հանըմ, որոշեց աստուծո տան պայծառությունը հոգ ու նպատակ ընել իրեն անկե ետքը: