Մեծ խորանին, պզտիկ խորանին, ավագ կամ լուր օրերու հատուկ, պարզ կամ ոսկեզօծ վարագույրներով, շապիկներով, գորգերով, ձեռագործներով եկեղեցին զարդարեց:
Սուրբ մուրացկանությամբ տունե տուն կը պտտեր, մեկուն աղջիկը նշանելու, մյուսին հիվանդը առողջացնելու խոստումով. ասոր, անոր, բարեկամ, ծանոթ կիներու ուխտ ընել կուտար ու նվեր կը հավաքեր: Իր եկեղեցվո սուրբին զորությանը ապաստանած, ամենուն սրտին բաղձանքը առաջուց կը շնորհեր, և եկեղեցին կը ճոխանար այս կանացի բարեպաշտության արդյունքը եղող նվիրատվություններով. մինչդեռ իր մտքովը, այս ամեն ջանքերով տեսակ մը ապահովագին տված կ’ըլլար իր ընտանեկան հաջողությունը ապագա վտանգներն զերծ պահելու համար:
Երեք օրե ի վեր Սոֆիկ հանըմ իր տղուն անկողնին քով կը հսկե. երիտասարդը պտույտի մեջ մսած՝ ծանր թոքատապն մը կը տառապի: Սոֆիկ հանըմ չի հասկնար այս նոր հարվածը. բժիշկները կու գան կ’երթան գլուխնին երերցնելով և իրենց ապիկարությունը, ուրիշ ամեն ատեն ծաղրելի, հիմա սպառնական ու ահարկու բան մը կը նշանակե:
Կը դողա այս մարդոց երթևեկեն, կը դողա անոնց խորհրդակցություններեն, վասնզի ասոնց խոսքը ի դերն հանելու կարող մեկը չի տեսներ իր քովը: Ու հիվանդին քնացած մեկ վայրկյանին, գիշեր թե ցորեկ, կը վազե շնչասպառ իր եկեղեցին, իր սուրբին, իր աստուծուն, իր բժիշկին ոտքը, արցունքով ու պաղատանքով օգնություն հայցելու, մինչդեռ խորանին առջև կանթեղը կը շարունակե պլպլալ միօրինակ հատնումներով, նվաղումներով: Երբեմն, գիշեր ժամուն կը վախնա, կը սոսկա թանձր ստվերներեն, որոնց մեջ, ոչ սուրբի, ոչ աստուծո պատկեր կրնա զանազանիլ, հապա անտեսանելի ոգիներ, որոնք, իր գա