Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լուն, պատե պատ կը վազվզեն ու եկեղեցիին պարապությունը աներևույթ բազմությամբ մը կը լեցնեն:

Հիվանդին քով կը ծածկե իր տագնապները, որոնք ալ հայտնի համարձակ կը գծագրվին իր դեմքին, իր ճակտին վրա. մազերը կ’ալևորին, և Սոֆիկ հանըմ, առանց ուզելու, առանց գիտնալու սևեր հագնիլ կը սկսի:

Հետո զավկին վիճակը ծանրանալուն հետ, փոխն ի փոխ աստուծո կամ մարդկանց ապավինելու վարանումներ, երկմտություններ կ’ունենա: Կը զգա, որ աստված կ’ուշանա ու միանգամայն կը զղջա այսպես խորհելով մեղք գործելուն համար:

Մահը իր միակ ապավենը եղող այս զավա՞կն ալ պիտի խլե արդյոք: Սոֆիկ հանըմին ակնարկը կը թափառի հեռուն տարածվող, փրփրացող ծովուն ու իր մոտի ամուր խարսխին վրա. անիկա հիմա փրկության գաղափարը չարթնեցներ իր մտքին մեջ, այլ ստույգ նավաբեկության մը տպավորություն կը թողու: Ի՞նչպես կ’ըլլա, որ մինչև այս վայրկյանիս անոր միայն վստահած ու ապրած է, իր բոլոր կյանքը դրած այդ հիման վրա, որ կ’երերա, կը շարժի, կը տատանի:

Մինչև վերջին վայրկյանին, քաջությամբ սպասեց իր զավկին քով. առտվան դեմ նորեն եկեղեցի գնաց, վերջին բացատրություն մը ուզելու համար, պարտեզեն անցավ, պահարանեն ներս սպրդեցավ. ոչ ոք. իր ծանոթ փոքրիկ եկեղեցին էր. այս գիշեր ժամուն մերկ, ցրտին ու ամայի պատերը միայն տեսավ շուրջը. սարսուռ մը կը վազեր այս անզգա պատերուն վրա:

Խորանին առջև նվաղկոտ լույսի մը նշույլովը տիրամոր դեմքը նշմարեց իր հարատև ժպիտովը: Սոֆիկ հանըմ ծնրադրեց աղոթելու համար ու բարձրաձայն խոսիլ սկսավ:

Կանթեղին ցոլացումը հոս հոն դողդոջուն լույս մը կը նետեր, ու աղոթողին ստվերը նախ գետնին, հետո վերնատան, հետո քարե կամարին, հետո սյուներուն վրա կը տարուբերեր, կը պտտցներ ու անոնց համեմատ կոտրտվելով կը պատշաճեցներ: