Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ամենուն ալ։

— Չեմ կրնար հավատալ։

— Չե՞ս հավատար, բայց ըսողը անգղիացի մէ։

— Հիմա ամենևին չեմ հավատար ա՛, որովհետև անոնք ամեն բանի մեջ մեր շահերն այսպես կը պահանջեն՝ ըսելեն զատ, ուրիշ բան մը չեն գիտեր, անոնք միշտ իրենց շահերը կը պաշտեն, դուն ալ կը կարծես, որ քու ցավերդ անցունելու կը նային, խելքդ սիրեմ, փանասեն ծախվի ու սնտուկը ստակ մտնե տե դիմացինը կ՝ուզե բժշկվի, կուզե մեռնի, ասիկա փնտռող չկա։

— Չեմ կարծեր։

— Դուն մի՛ կարծեր, ես կը հավատամ։

— Ես չեմ կարծեր, որ փանասեն ասանկ ըլլա։

— Մենք ալ չէինք կարծեր, բայց անանկ է եղեր։

— Դուն սա անգամ մը խմե՛, կամ կուզես նե վերքիդ վրա քսե՛, բացված տեղերը շուտ մը կը գոցե եղեր։

— Թող երկաթյա կամուրջին քսեն ու սըվոր բացը գոցեն², ինձ պետք չէ, ո՛չ հիվանդ կ՝ըլլամ, ո՛չ ալ փանասե կուզեմ։

— Չես ուտեր նե՝ դուն ալ չես բժշկվիր։

— Մինչև հիմա փանասե չկար ա՛։

— Ատոր համար ամեն օր մարդ կը մեռներ ա՛։

— Թո՛ղ դարձյալ մեռնին ու փանասե չառնեն։

— Ինչո՞ւ։

— Որովհետև այդ դեղն, որ ամեն ցավեր կ՝անցունե, ցավ մալ չանցուներ։


ՏԱՏ... ՏԱ՜Տ... ՏԱՏԻ՜Ս...

Տատ... տատ... տատիս.․. քալե նայիմ, տղաս։

— Ի՞նչ կընես կոր, Խիկա՛ր։

— Չե՞ս տեսնար կոր, տղա կը քալեցունեմ կոր։

— Ատ ի՞նչպես տղա է, հիսուն տարու կա։

— Դուն անոր տարիքին մի՛ նայիր, ատիկա դեռ տղա է։

— Ինչո՞ւ։

— Ոչ միայն տղա է, այլ նաև չար է, ուրիշին հացին աչք կը տնկե, առանց հանցանքի անոր ասոր խանութր գոցել կուտա, մեկուն վեց ամիս, ուրիշի մը մեկ ամիս, ուրիշի մը երեք ամիս։

— Էհ, այդ խեղճերը խանութնին գոցվի նե ի՞նչ կ՝ուտեն, ի՞նչպես կապրին։