Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իրենց արժանավայել դիրքերուն պիտի բարձրանան, ուրիշ կենդանիներեն ավելի պատիվ պիտի գտնան և սոխակներու պես ոչ թե վանդակներու մեջ, այլ հարուստ մարդոց ամենեն փառավոր սենյակին մեջ թիկնաթոռներու վրա նստելով՝ հանգիստ կյանք մը պիտի անցունեն, որովհետև բոլոր կենդանիներեն ավելի մենք մարդու մոտ ենք, վկա Բաղաամու դարը։ Թո՛ղ հիմա անարգեն զմեզ մարդիկ, անարգելը պատասխանել չէ. թող հալածեն զմեզ մարդիկ, վնաս չունի. հալածում, տարածում, աշխարհիս վրայեն չպիտի ջնջվին ավանակները, աշխարհ քանի կա ու կը մնա, ավանակներն ալ կան ու կը մնան առանց ավանակի աշխարհ չկա, ինչպես որ առանց աշխարհի ալ ավանակ։

Կը վերջացունեմ խոսքս շնորհակալություն հայտնելով ձեր հարգության, որ բարեհաճեցավ ինձի խոսք տալ, միայն կը խնդրեմ Մանզումեին ըսել, որ մեյ մ՝ալ սա ավանակ բառո իբրև հայհոյություն չգործածե, թող ըսե «ավանակի պես աշխատող, սկզբունքի տեր, ականջը սուր, մարդու պես խոսող» չենք բարկանար, բայց երբ զմեզ նախատե, այն ատեն անշուշտ կը բարկանանք և նվագահանդես ըրած օրը ամենքնիս մեկեն ձայներնիս թող տալով ներդաշնակությունը կավրենք ու վրեժնիս կը լուծենք։


ԽՄԲԱԳԻՐՆ Է ՈՐ ԿԸ ԽՈՍԻ

Ահա ավանակ մը, որ խմբագրություն ընելու ամեն հատկություններն ունի. Մանզումեի լեզուն, Նորագրի, Լրագրի ու Մեճմուայի ընթացքն կը քննադատե անանկ կանոնավոր լեզվավ, որով քիչ խմբագիրներ կրնան քննադատել։


ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻՆ ԳՐԱԾ ՀԵՌԱԳԻՐՆԵՐԸ

ԻՆՉՈ՞Վ ԳԱՑԻՆ

Այս հարցումը կ՝ընեն այսօր մեր ազգայինք։

Ճիշտ վեց օր է, որ Պատրիարքարանը Կարին, Կարս և ուրիշ քաղաքներ հեռագիր գրեց Կովկասյան խնդրույն վրայոք ստույգ տեղեկություններ առնելու համար, և մինչև այսօր այդ հեռագիրներու պատասխաններն հասած չեն։

Արդյոք Պատրիարքարանը այդ հեռագիրները փոսթայո՞վ գրկեց, չէ նե Պատրիարքարանի հեռագրներն ալ Պատրիարքարանի գործերուն պես դանդաղ կը շարժին։

Այս գիտնալու համար, երեկ երեք հազարի չափ ազգայինք