Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երեք պատճառներ կան.

Ա. Պայմանաժամնիս լրացած օրը գրասենյակնիս փոխելու հարկադրվեցանք և ութ օրվան մեջ հազիվ կրցանք Հակոբյան խանին սանդուխեն վար իջնալ։

Բ. Խանին դուռը եկած օրերնիս դժբախտաբար անձրև մը առավ ու Չաքմաքճըլարի վարի փողոցը այնչափ շուտով լեցվեցավ որ դիմացե դիմաց անցնիլն անհնար ըլլալով՝ ստիպվեցանք շաբաթ մալ հոն մնալ, որպեսզի հուրը քաշվի և ճամբանիս շարունակենք։

Գ․ Նկատելով, որ Թատրոնին հանցանքը խիստ ծանր ու պատիժը խիստ թեթև էր ուրիշներուն օրինակ ըլլալու համար՝ կես ամիս ալ մեր կողմեն դադրեցուցինք, որ աղեկ մը կրթվի ու մեյ մալ շրջաբերականին դեմ չգրե։

Քիչ մնաց, որ բոլորովին պիտի խափանեինք թշվառականը՝ եթե քանի մը բարեկամներ չգային անոր վերահրատարակությունը մեզմե խնդրելու։

Թատրոն պետք է գիտնա, որ մենք Տպագրական տեսչության պես չենք խափաներ, որ կարող ըլլա երկու օրեն նորեն հրատարակելու հրաման առնել, անգամ մը խափանելու ըլլանք նե աշխարհիս մինչև վերջը լույu տեսնել։

Ահա, հետաքրքիր ընթերցող, վերը նշանակված երեք պատճառներե ստիպյալ ուշացուցինք մեր գալուստը, պատճառներ՝ որք ստիպողական դատելով մեր ընթերցողաց ներողամտությունը պիտի փութացնեն։

Հարկ կը համարինք հոս ծանուցանել, որ մեր ընթերցողներեն ոմանք թերթերնիս շաբաթը երկու անգամ հրատարակել առաջարկած ըլլալով մեզ, իրենց առաջարկությունն ընդունված և այսօրվնե գործադրության սկսած ենք։ Վստահ ենք, որ թատերասեր ընթերցողք պիտի փութան քաջալերել մեր այս նոր տնօրենությունը։

Սրբազան Պատրիարքը վերջերս առ Բ. Դուռն ներկայացած յոթն առաջարկություններով յուր նշանավոր շրջաբերականն հետս կոչած՝ այսինքն յուր մեղքը քաված ըլլալով՝ քաղցր է մեզ հուսալ, որ Թատրոնի նկատմամբ բռնած ընթացքին վրա զղջացած ու ցավ զգացած է։

Դիտմամբ այսպես կարճ խոսեցանք, որ միտքերնիս ընդարձակ կերպով հասկցնենք նորին սրբազնության։