Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դեպքերե դաս առնելու քան թե Վարչության՝ Ղալաթիո օճախին հետ ունեցած կըռկըռը մտիկ ընելու, Քնո աստվածը եկավ արտևանացս վրա ցանելու յուր քնացուցիչ դեղեն՝ որով լեցուցած էր արդեն իմ գարեջուրիս գավաթը։ Ընկողմանեցա բազմոցիս վրան և քնացա։

Քնանալես քիչ մետքը գինետուն մը բացվեցավ աչացս առջև։ Մտա այս գինետունը և տեսա, որ Քրիստոստուր էֆենտին գինիի տակառի մը վրա ելած՝ գինիի բաժակ մը ձեռին, ատենաբանունություն կըներ ազգային դաստիարակության վրա։ Բարևեցի զինքը։ Բարևս առնելու միջոցին՝ չգիտեմ ինչպես եղավ, տակառին մեջը ինկավ և մազ մնաց, որ մեջը խեղդվեր, եթե տակառին մեջի գինին առաջուց պարպած չըլլար։ Շուտ մը տակառը կանգնեցինք. Քրիստոստուր էֆենտին նստեցավ իր աթոռին վրա։

Աթոռին վրա նստելուն պես, դուրս ելնելու աչք ըրավ իր ունկընդիրներուն, որք թվով որպես թե չորս էին։ Գինետան մեջ երկուքնիս մնացինք բացի գինեպանե։

— Կարապետ աղբար, եկուր սա տակառը լեցո՛ւր, ըսավ Քրիստոստուր էֆենտին և լռության կապը խզեց։

— Ներեցե՜ք, էֆենտի, ես չեմ խմեր ըսի, լռության հանգույցը կտրելով։

— Վնաս չունի, մեյմեկ քիչ կը խմենք, քեզի հետ շատուց ի վեր խոսիլ կուզեի և ուրախ եմ, որ այսօր զձեզ տեսա։

— Ատիկա ձեր ազգասիրությունն է։

— Տղա՜ս, աշխարհիս վրա առանց շահու տերև մանգամ չշարժիր...

— Ի՞նչ հարկ կա հիմա շահու վրա խոսք բանալու։

— Որովհետև դու միշտ այն կողմեն կը հարվածես զիս։

— Իրավունք չունի՞մ։

Իրավունք ունիս, բայց աջակողմյանց մեջ չկա՞ն երեսփոխանք, որ իրենց շահուն համար միայն կարծիքնին ծախեն, որ իրենց շահուն համար ազգային գործերու մեջ մտնեն։

— Կան, և զանոնք ալ պետք եղած ժամանակը հարվածեր եմ իրենց հանցանացը համեմատ։

— Ինչո՞ւ չհարվածեցիր այն անձը, որ երկար ատեն պաշտոնե զուրկ մնալով ամեն ջանք ի գործ դրավ Քաղաքական Ժողովո անդամ ըլլալու, որպեսզի անկից կարող ըլլա պաշտոնի մը անցնեկու։ Ինչո՞ւ չհարվածեցիր այն անձը, որ նախ երեսփոխանությունը կընդունիմ ըսավ և երեսփոխան ընտրվելուն պես ծերակույտի