Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թե էջմիածնա Մանկուհին ասոնց քով աշակերտություն ըրած է ժամանակավ։

Մեծ անխոհեմություն ըրած կըլլանք, եթե ասոնցմե Ազգային վարչության անգամ ընտրենք, ասանկ պաշտոնի մը գլուխ անցնելնուն պես անհոգ կըլլան, որովհետև ուրիշներու նմանելու մեջ շատ ճարպիկ են թշվառականները։ Նույնպես խմբագրության պաշտոն ալ տրվելու չէ իրենց, եթե չենք ուզեր, որ ամեն օր մեր գլուխը ցավցունեն պոռալով, թե «ժողովուրդը լրագիր չկարդար, ընթերցասեր չէ, զմեզ չքաջալերեր, բաժանորդագին չվճարեր և այլն, և այլն». Ասոնք ընդհանրապես գողությամբ կապրին։

— Խիստ հավանական է, որ մեզմե սորված ըլլան կամ լինին։

Կապիկներն շատ սեռերու և տեսակներու կը բաժնվին, մենք գլխավորներու վրա միայն խոսելով կը շատանանք։

1․ — Օրանկ — Ութանկ — Աս կենդանին հինգ ոտնաչափ կամ, կարճ կապելու համար, հնգոտնաչափ բարձրություն ունի, պոչ չունի, մարմինն՝ կարմիր մազերով ծածկված է, երեսն և ձեռները մազ չունին։ Կարող է երկու ոտքի վրա կանգնիլ և քայլել, սակայն երբ Ղալաթիա Ս. Լուսավորիչ եկեղեցվույն փողոցը մտնե՝ գավազան մը կառնու ձեռքը, որ ոտքը սահելով չիյնա — որչափ տգետ կրոնավորներ չորս ոտքի վրա պիտի քալեին, եթե անմիջապես գավազան մը չտրվեր իրենց ձեռքը։ Զինքը ձերբակալելը շատ դժվար է, մանավանդ Թուրքիս մեջ, իրեն թշնամվույն դեմ կը կռվի և քարերով կը պաշտպանն ինքզինք, մինչև իսկ կըսեն, թե ինքնասպանության կը դիմե երբ հասկնա, թե պիտի ձերբակալվի։

Այս կենդանին դաստիարակության ընդունակ է, սակայն իրենց ազգային ժողովն մերինին պես դեռ չքվեարկեց վարժարանաց ծրագիրն, որ վարժարաններն բարեկարգվեին և ինք ալ դաստիարակվեր։

Շատ անգամ պարտեզներ և արտեր կավրշտկե և անպատիժ կը մնա. այս պատճառավ երևելի բնախոսներեն քրդակապիկ ևս կը կոչվի։

Երբ այս կենդանին գերի իյնա՝ խոնարհություն ցույց կուտա և յուր տիրոջը հավատարիմ կը մնա. մայրաքաղաքիս մեջ բնակող կապիկները գրեթե այս վիճակի մեջ գտնվողներն են։ Դաստիարակութենե զուրկ մնացած լինելով միշտ ուրիշներու ետևեն կերթան և գոհ կըլլան։ Ասոնց արական սեռին մեջ կը գտնվին շատ կապիկներ, որ ուրիշներու պես կը քալեն, կը խոսին և կը շարժին, իգական սեռին մեջ արդարև կան համեստափայլ և ազնվափայլ