Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է։ Մեր ազգն աղքատ է և հետևապես կրնա տակավին երկար տարիներ հագնիլ այն տարիները, զորս հնցուցած են հարուստ ազգերը։

Զգուշանանք ամեն բան վարդագույն տեսնելն, սոսկանք ամեն ինչ ծիրանեգույն նկարելե։

Այն ազգերն, որ իրենց հանճարովն մարդկային զարգացման պատմությունն նշանավոր և փայլուն էջերով կը պճնեն և կը զարդարեն, բնականաբար իրավունք կստանան իրենց մեծությանը պատշաճ թվական ունենալ, իսկ, ընդհակառակն այն ազգերն, որոնք հետամնացության մեջ հաստատամտության մրցանակին կարժանանան, չեն կրնար մեծ ազգաց թվականն ընդունիլ առանց ծաղու նշավակ լինելու։

Մեր վիճակը, մեր քսակը չներեր, ընթերցող, նոր տարի գնել։

Հասակն չերկննար երկար հագուստով, ընդհակառակն երկար զգեստ մը նույնիսկ միջահասակներն կարճահասակ կը ցուցնե։

Նույնիսկ 1882 թվականն՝ զոր առաջարկեցի մեր ազգայնոց շատ մեծ է մեր գլխուն համար, և եթե չվախնայի մեր լավատեսներու քարկոծումեն՝ պիտի խնդրեի ազգին, որ 400 թվականեն սկսեր, այս թվականն համեստ, կոկիկ և մեր վիճակին հարմար թվական մէ և ամեն հայ կրնա ճակատաբաց գործածել զայն։

Կը խնդրեմ, ձեր աջաց առջևը բերե՜ր մի անգամ հազար ութն հարյուր ութսուն և չորս թվականն. քննեցե՜ք և պիտի տեսներ, թե վիհ կա նորա և մեր ընտանեկան, կրթական, ընկերական, արհեստական, վաճառականական, դրական, դիտական, վարչական և խորհրդարանական վիճակին մեջ տեղ։ Ունինք երեսփոխանական ժողով, ձեռնահասության դիվան, դաստիարակության դիվան, կալվածոց դիվան, համարակալության դիվան, հարաբերության դիվան, իրավասության դիվան, նախաձեռնության դիվան, խմբագրության դիվան, անձնական կիրքեր, հիվանդ քալանպուրներ, խոսք կուզեմներ, կը բողոքեմներ, ի կարգ կը հրավիրեմներ, զանգակ, գրասեղան, հարցում, հարցապնդում, հղում, թեր ու դեմ խոսող ատենաբաններ, կուսակցություններ, օրակարդ, դռնփակ նիստեր, վրան բաց նիստեր, այս ամենն ունելով ունիմք, բայց այս ժողովույն ատենագրություններն տպելու դրամ չունինք։

Այսչափն կը բավե, կարծենք մեր ներքին վիճակին վրա գաղափար մը կազմելու համար և ավելորդ է զայն երկարորեն նկարագրել աստ։