Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Գետն Ապերքիոս, մարգագետինք, ուր կարածեն կովերը» Սույն երկու ոտանավորներն զուգակշռելով, մեծանուն կատակերգուն Եսքիղեսինն ծանր կը գտնե, «որովհետև, կըսե, բուրդի վաճառականաց պես, որ իրենց ապրանքն կը թրջեն, յուր ոտանավորին մեջ դրած է գետ մը, որ թրջած ու ծանրացուցած է ոտանավորն, մինչդեռ Եվրիբիտինն թեթև է, որովհետև թևավոր է և կը թռչի»։ Հելլեն կատակերգության քերթողահայրն կը շարունակե յուր զուգակշիռներն և Եվրիբիտե միշտ թեթև կը գտնի Եսքիղեսին։

Մեծահռչակ բառագրի մը բառագիտական ողբերգությունն, կամ ողբերգական կատակերգությունն, կամ դիցազնական կատակն — որովհետև դժվար է ինձ անուն մը սահմանել այն երկասիրուրության, ինձ մանավանդ, որ անտիպ ձեռագիրներ չեմ կարդացած և տրամաբանության ու բանաստեղծության դաս առնելու համար չեմ կրցած երթալ Վիեննա և Վենետիկ, յորս միայն կարելի է ուսանիլ խորհելու արհեստն և մշակել մուսայից լեզուն — այն երկն կըսեմ, որուն ոչ ոք կը հավանի կնքահայր լինել, Գորտերը հիշեցուց ինձ, երբ կարդացի նրա հետևյալ տողերը, «կը խնդրեմ, կշռեցե՜ք իմ և հակառակորդիս խոսքերը»։

Խոսքն արդարև բառերե կը կազմի, բայց չեմ գիտեր, թե բառերն քովե քով դրվելով անպատճառ խոսք մը գոյացնելու արտոնություն ունի՜ն։ Եվ դարձյալ ներելի չէ՞ ինձ արդյոք կարծել, թե բառերն իրարու տակ դնելու երկար ժամանակյա սովորությունն զանոնք իրարու քով շարելու կանոնն և օրենքը մոռցնե մարդուս։

Եվ ի՞նչ կշիռով կշռելու է մեծանուն բառագրին երկասիրությունն, որ այլասեռ ապրանքներ կը պարունակե։ Բազմավաստակ բառագետին աշխատասիրության մեջ կան տողեր, որ ողբերգական են, ինչպես նաև հոն չեն պակսիր տողեր, որ կատակերգական ձև ունին, դարձյալ են, որ անձնական կիրք կը հոտին, են, որ անձնագովություն կը բուրեն, — և գիտե՞ք որքան գլխուցավ կը պատճառեն այս հոտերը — են, որ հայհոյություն կը մայթքեն, են, որ բծախնդրության դրոշմը կը կրեն և իրավունք կուտան իրենց հեղինակին Մեթո ժագ բազմապատկված հորջորջվիլ աշխարհաբարի ասպարեզին վրա, զոր ախոռ կ՝անվանե։

Բայց հասարակաց կարծիքն կշռեց արդեն մեծանուն և փոքրանան բառագիրներուն ապրանքներն յուր կշիռով, որ նպարավաճառի կշիռեն անհունապես կը տարբերի և սա վճիռն արձակեց, թե փոքրանուն բառագրին հայտտրարությունն՝ որ մթերյալ թույներուն թափվելուն պատճառ եղավ, շահագիտական ջուրով թրջված