Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լինելով ծանր է մեծանուն բառագրի բողոքեն, որ թևավոր է և կը թռչի, թեև ըստ Խիկարի բոլորովին թև է, ըստ որ ում մեծ բառագրի մը մեն մի բառեն մեծ գիտություն և խորին հմտություն հուսալու և պահանջելու իրավունք ուներ, և բնավ պարտականություն չո՛ւներ մեծանուն բառագրին այս ինչ գրավաճառին հետ ունեցած հաշվույն վրա տեղեկություններ առնել. փուլ բառին վրա վայրաբանություններ կարդալ, հազվագյուտ բառին նկատմամբ յուր կարծիքն լսել, յուր դրամական տագնապին վրա ծանոթություններ ստանալ, բառարանի մը տպագրական և անուշադրությամբ սպրդած վրիպակներն իբրև նվազ հմտության արգասիք կլլեցնելու համար ցույց տված անզոր փաստերն մտիկ ընել, և համբերել, որ յուր հակառակորդն շաղակրատ և այլն տիտղոսներով անվանակոչե ի նախատինս հայ մամլույն։

Տարակույս չկա, թե մեծանուն բառագրին քսանամյա քրտանց արդյունքն առավելություններ ունի յուր նախորդաց վրա և ինքն ամեն քաջալերության արժանի է։ Կը հարգենք զինքն և մենք իբրև քաջ հայերենագետ և գաղղիերենագետ, բայց չենք հավանի բնավ, որ իբր այն իրավունք ունենա ուրիշներուն հայհոյելու և կամ կարծելու, թե յուր բառարանն ուրիշ բառարաններու վրա առավելություն պիտի ունենա միշտ, որովհետև հայերեն և ֆրանսերեն լեզվաց հմտութենե զատ դեռ բազում գիտությանց ծանոթություն կը պահանջվի բառագրե մը, նամանավանդ այն բառագրեն, որ հրապարակի վրա կը հոխորտա աղաղակելով, թե ոչ ոք կարող է ինձ հավասարիլ բառագիտության մեջ — թեև մենք չենք ըսեր, թե մեծանուն բառագիրն չգիտեց քիմիաբանություն, բնագիտություն, հանքաբանություն, բուսաբանություն, կենդանաբանություն, անդամազննություն, երկրաչափություն, ախտաբանություն, ծաղկաբանություն, երկրագործություն, և այլն և այլն, որոց վերաբերյալ բառերն կարևոր մաս մը կը գրավեն բառարանի մեջ, և որոց անհմուտ բառագիր մը ոչ թե միայն նոր բառեր հնարելու անկարողության կը դատապարտվի, այլ նաև շատ անգամ թյուր բացատրություններ տալու կստիպվի, եթե խոհեմություն ընելով գիտունի մառջև ծունկ չոքելու չխոնարհի։

Այս ամենը նկատողության առնելով գոնե հրապարակի վրա խոսելու կանոններն և պատշաճից օրենքն հարգելու ենք, որ պատճառ չտանք այլոց պոռալ թե.

Մեծ մարդոց փոքրություններն ո՜րչափ... մեծ են... մեծ են, տեր։