Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երբեք չոր հարկերու տակ տրված որոշմանց հետ։ Որոշում մը, ուղիղ և արդար ըլլալու համար խոնավությա՞ն կը կարոտի, թե չորության։ Ասոնց որո՞ւն կը կարոտի միտքը, պարզ, հստակ, ուղիղ և տրամաբանական ըլլալու համար։ Եթե ճիշտ է այն առածն, թե առողջ միտքն առողջ մարմնո մեջ միայն կը գտնվի, ճիշտ համարվելու է նաև, թե առողջ որոշումներն առողջ հարկերու մեջ միայն կրնան տրվիլ։

Արգո հասարակությունը խիստ աղեկ ըմբռնած է արդեն, թե առողջ դատողությունները կռվու միսեն կը բխին, թե պակլայի տրամաբանությունները վատառողջ են միշտ, թե սոխեն հառաջ եկած խորհրդածությունները սխալ են հաճախ, թե վերջապես մարդ արարածը պարտավոր է յուր ստամոքսին մեջ ամեն օր առնվազն կես օխա կով իջեցնել, որպեսզի ստամոքսը կարենա քաջ տրամաբանել և ուղիղ եզրակացութեան հանգիլ։

Ձեր ստամոքսն ի՞նչ կարծիք ունի այս մասին։

Իմ ստամոքսս պատիվ ունի կարծելու, թե քիչ մը որկրամոլություն կը նշմարվի մտքին գործողությունները միայն ստամոքսի վերադրող փիլիսոփայության մեջ։

— Ի՞նչ ըսել է։

— Աղեկ կշտացուր զիս, որ աղեկ տրամաբան ըլլամ։

Քանի մը ստամոքսներ ալ կը կարծեն մինչև իսկ, թե մարդուս բարի հատկություններն ալ պիֆթեքեն հառաջ կուգան։

— Աղեկ կշտացուր ինձի, որ հավատարիմ մնամ և գողություն չընեմ։

Այս տեսությամբ հանճարն ալ կովու միս է, ազնվությունն ալ կովու միս է, առողջությունն ալ կովու միս է, մեկ խոսքով մարդուս միտքն ալ, սիրտն ալ, մարմինն ալ կովու միս են։ Անգին ի՞նչ մնաց։

Ի՜նչ որկրամոլություն մարդու, որ ամեն պարագայի մեջ նախ և առաջ յուր փորը գոհացնել կը ջանա և երբ անիրավություն մը պաշտպանն կամ գողություն մընե, կաշխատի ինքզինքն արդարացնել սա փաստաբանությամբ.

— Լավ կշտացած չէի, սխալ խորհեցա, կովու միս կերած չէի ու կարծեցի, թե գողությունը վեհանձնություն է։

Եվ օրենքն ալ պատրաստ է այս պատասխանն իբրև մեղմացուցիչ պարագա ընդունիլ։

Մարդակազմության գիտության համաձայն, ցարդ մարդու դեմքը կը քննեինք անոր մտքի և սրտի կարողությունները հասկնալու