Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դիվան

Շնորհակալ եմ: Ա՛րդ, խոսիլ ուզողներն իրենց անունն նշանակել տան, որ յուրաքանչյուրն խոսի կարգավ։ (Մեկ քանի նստարաններն խոսք կուզվի) Խոսքը Սեղենեինն է։

Սեղենե

(Ոտք ելնելով) Կը... փու... թամ... իմ... խո... րին... շ.․․ նոր... հա... կա... լու... թյուն... ներս... մա... տու... ցա.․․ նել...


Աստված մը

Քիչ մը ավելի շուտ կարելի չէ՞ մատուցանել այդ շնորհակալություններն, այնքան ծանր չխոսելով։


Սեղենե

(Միևնույն ծանրությամթ խոսելով) Քիչ մը արագ կը խոսիմ։ Կը փութամ իմ խորին շնորհակալություններս մատուցանել հանձնաժողովո պատվարժան անդամոց, որ հաճեցան զիս տեղեկաբեր կարգել և ինձ հանձնել յուր գործառնությանց արդյունքն ձեզ հաղորդելու փափուկ և բարձր պաշտոնը։ Տյարք և տիկնայք, հանձնաժողովս յուր ընտրութենեն անմիջապես ետքը գումարվեցավ, նստեցավ, խոսեցավ, վիճաբանեցավ, խորհեցավ և որոշեց, որ վաթսունևվեցին ընտրություն եղանակն՝ զոր աստվածներուն պատկառելի ժողովո նվիրագործեց, արդարության և ազգային շահուց և ազգային իրավանց համաձայն գտնելով, որոշեց որ, կըսեմ, այդ վաթսուն և վեցին ընտրության եղանակն արդարության և ազգային շահուց և ազգային իրավանց համաձայն չըլլա։ Հանձնաժողովս այս որոշումն տվավ ապավինելով միայն այն վստահության, որով պատվեցիք զինքն։ Հանձնաժողովս, որ այդ եղանակն արդարության և ազգային շահուց համաձայն գտած Էր և զորավոր ապացույցներով պաշտպանած էր զայն դեռ երկու օր առաջ, այսօր կուգա անհերքելի, հզոր և ջախջախիչ փաստերով ապացուցանել թե այդ եղանակն հոտից ցգլուխ հակառակ Է ազգային շահուց ինչպես նաև իմ շահուս։


Աստված մը

Կաղաչեմ, քիչ մը շուտ խոսեցեք։