Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կերևի թե Կարապետ էֆենտի Սվաճյան չէ ստորագրած Բեմական հառաջդիմական միությունն, որ ընդհանրական խնդրովք զբաղելու նպատակ ունի։

Ազգային ժողովո մեջ Կարապետ էֆենտի Սվաճյան հարցում մուղղած է, թե Վարչությունն ի՞նչ միջոցներ ի գործ դրած է Հաճնո բռնի ամուսնության խնդրույն համար։

Ծան. — Կարապետ էֆենտի Արևելքի հիմնադիրներեն մին է։ Կարապետ էֆենտին բավական ամիսներ առաջ Ազգային ժողովո մեջ կը պոռար, թե երեսփոխանական ժողովն մասնավորաց խնդիրներով զբաղելու պաշտոն չունի, և խղդել կը ջանար Փանոսյան էֆենտին, որ կը պնդեր Բերայի հրկիզելոց խնդրույն հաշիվն պահանջել նորատունկյան էֆենտիեն, որ Արևելքի հիմնադիրներեն է։


Օր պիտի գա — և այս օրն մոտեցած իսկ է — որ Արևելքի հիմնադիրներն, որ Ազգային ժողովո մեջ մեծամասնություն կազմած են արդեն, Ազգային վարչությունն ևս ձեռք պիտի անցունեն։ Եվ այն օրն ազգն շատ պիտի խնդա, եթե չլա։

Օրինակի համար Արևելքի հիմնադիրներեն երեսփոխան մը Արևելքի մեջ հրատարակված հոդվածի մը համար հարցում մը պիտի ուղղե Ազգային վարչության։ Ազգային վարչությունն, որ, ինչպես ըսինք, Արևելքի հիմնադիրներեն կազմված է, անմիջապես պիտի պատասխանե իրեն ուղղված հարցման, գովելով հարցնող երեսփոխանին ազգասիրական եռանդն։ Ազգային ժողովն ևս շնորհակալություն պիտի մատուցանե Ազգային վարչության, և Արևելք անթառամ պսակներ պիտի բաշխե Ընդհանուր ժողովո և Ազգային վարչության փոխադարձաբար, Արևելքն, հարուստներու բերանն, պիտի քաջալերվի ի վնաս ժողովրդական թերթերու։


Ազգային ժողովո մեկ նստին մեջ մեծապատիվ Հ. Գուրգեն էֆենտի, որ Արևելքի հիմնադիրներեն չէ, անհերքելի փաստերով հաստատեց, թե մեծապատիվ Թ․ Պեկյան էֆենտիին՝ որ Արևելքի հիմնադիրներէն չէ, երեսփոխանական ընտրության Ազգային ժողովո կողմեն չվավերացվիլն հակառակ է Սահմանադրության սկզբանց, և առաջարկեց, որ Սամաթիո Նոր թաղի երեսփոխանական ընտրությունն վավերացվի Ազգային ժողովեն։