Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեծպատիվ Թորոսյան էֆենտին, որ Արևելքի հիմնադիրներեն է. հայտնեց, թե Գուրգեն էֆենտին, որ Արևելքի հիմնադիրներեն չէ, օրենքին բուն ոգին թափանցել չուզեր։

Մեծապատիվ Նորատունկյան էֆենտին, որ Արևելքի հիմնադիրներեն է, գիտել տվավ թե ատենաբան էֆենտին խնդրույն վերաքննության ձեռնարկած է։

Մեծապատիվ Սվաճյան էֆենտին, որ Արևելքի հիմնադիրներեն է, պահանջեց, որ Ազգային ժողովո կողմե նախապես տրված որոշումն հարգվի և գործադրվի անխախտ։


ՀԱՄՈՎ ՀՈՏՈՎ

Շնորհակալությամբ ստացանք արժանապատիվ Գարեգին Վարդապետ Սրվանձտյանցի մեկ նոր երկասիրությունն՝ որո առաջին թերթերն քիչ մանհամ թվեցան մեր քմաց։

Այգեստանին արժանապատիվ սոխակն յուր երգերն կսկսի նախ ներբող մը գեղգեղելով առ վսեմափայլ ասպետ Աստվածատուր Ջունթ՝ որո արդյամբք ի լույս ընծայված է արժանապատիվ մեկենասյալին Համով Հոտով գործն։ «Բարերարությունն, կըսե Մանանայի հեղինակն առ Մանանայի հեղինակին Մեկենասն, աղբյուրի կը նմանի — թեև բնավ չնմանիր — և կը հավելու, թե վսեմափայլ ասպետ Աստվածատուր Ջունթ այդ աղբեր ակն եղած է իրեն, թե վսեմափայլ ասպետն, որ Համով Հոտովի տպագրության ծախքն հոգալ բարեհաճեր է, ոսկվո տաղանդին հետ կը կշռե նաև գրական տաղանդն, թե պատիվ կը բերե ազգին, թե նշանակիր է պատվյալի պետությանց և կը վերաբերի պատվավոր արանց դասուն, թե Ավստրիո կայսրության երկաթի թագին ասպետ, հանդերձ ազնվականությամբ ասակված է անձին արժանյոք և թե և այլն, և այլն, և այլն»։

Դիտելի է թե վսեմափայլ ասպետ Ջունթ Համով Հոտովի տպագրության ծախքն հոգալեն ետքը չէ որ սկսավ ոսկվո տաղանդին հետ կշռել նաև գրական տաղանդ, պատիվ բերել ազգին, և պատվավոր արանց դասուն վերաբերիլ։

Սույն առաջին երգեն հետո դրական արժանապատիվ հնահավաքն կը հրատարակե մի քանի նամակներ, որոց մեջ պարոն Ս. Մանդինյան կը հայտնե, թե Սրվանձտյանց — իբրև մատենագիր — արդեն պատվավոր և արժանավոր տեղ կը բռնե մեր մատենագրության պատմության մեջ, պարոն Դելփյան, թե Սրվանձտյանց