Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— ․․․

— Ծախքն ալ կուտամ։

— Մ... ի տղան... հիմա միտքս ինկավ։

— Այո՛։

— Թ... թաղին մեջ...

— Ճիշտ։

— Նպարավաճառի քովի տունը չէ՞։

— Այն տունն Է։

— Մայրդ տիկին Ս... շատ աղեկ կը ճանչնամ, ազնվական տիկին մ՝էր։

— Շնորհակալ եմ։

— Ձեր քեռայրը Գ... Էֆենտին, վաճառական, ազգին եզական անհատականություններեն մին... շատ լավ կը ճանչնամ, ձեր գերդաստանը հին Է, շատ հին է, սխալ չըսեմ, հինգ հարյուր տարվան գերդաստան մէ...

— Այնպես կըսեն։

— Խմբագրությունն պատիվ, փառք և պարծանք կը համարի իրեն ձեզի պես ազնվական անձի մը հետ ծանոթություն ունենալուն վրա, և կը խոստանա, որ ձեր ուզածեն աղեկ պիտի շարադրրվի և պիտի հրատարակվի յուր լրագրույն մեջ ձեր ի Պոլիս գալստյան լուրն, որ առաջին տեղը պիտի գրավե ազգային մասին մեջ։

— Ուրեմն ավելորդ է Պատրիարքարանեն ազնվականության վկայագիր առնելն։

— Տարակույս չկա։

— Շնորհակալ եմ, վաղը նորեն կուգամ զձեզ տեսնելու։

— Ի տեսություն։

Սիրահարն խմբագրատունեն շիտակ Օ... գյուղ կերթա, ազգային համբավավոր սեղանավորի մորու կը պատմե մանրամասնորեն, թե ինչպես Պատրիարքարանի պաշտոնյան զլացած է ազնվականության վկայագիր տալ իրեն։ Սեղանավորն կր գովե պաշտոնեին ընթացքը։ Սիրահարը կը նեղանա, սեղանավորին սպասավորր կը խնդա։ Վայրկյան մը լռութենե ետքը սիրահարը կըսե։

— Պատրիարքարանեն անպատճառ թուղթ մունենալու եմ քովս։

— Ծննդյան վկայագիր մը թող տան քեզի։

— Անանկ թուղթ մը տան, որու մեջ բարձր գիրք մունենալս նշանակված ըլլա։