Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/432

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Երևելի վաճառական գրեն։

— Իմ ուզածս ազնվականություն է։

— Ազնիվ երիտասարդ մէ, գրեն թերթին մեջ։ Ազնվականությունն արդեն ազնիվեն կելնե։

— Կը հավանիմ. ասանկ թուղթ մը տալու համար դժվարություններ չհա՞րուցաներ Պատրիարքարանը:

— Չեմ կարծեր։

— Սիրահարն վազելով Պատրիարքարան կերթա շնչասպառ և կը հաջողի ձեռք բերել վկայագիր մ՝որ կը վկայե, թե ազգային երևելիներեն ազնիվ մարդ մէ Կ. Ք․։

Երեկոյին լրագրավաճառե մը կը գնե հինգ օրինակ... լրագիր, հինգն ալ աչքե կանցունե և բերկրությամբ սրտի կը տեսնե, թե խիստ փառավոր կերպով ծանուցված է յուր Կ. Պոլիս գալը։

Հետևյալ առավոտ խմբագրատունը կերթա, շնորհակալություններն կը հայտնե խմբագրին և կը վճարե նաև տարեկան երկու բաժանորդագին ու յուր ծանուցման ծախքը։

Խմբագիրն կը խոստանա լրագրույն մեջ հրատարակել անոր մեկնումն Կ. Պոլսե, հայտնելով միանգամայն, թե այս անգամ Իշխան տիտղոսն ալ պիտի ավելցնե անոր անվան վրա։

Սիրահարն այս հայտնության վրա երկու ոսկի ևս կը նվիրե խմբագրին, որ կը մոռնա սակայն խոստացած տիտղոսն տալ յուր բաժանորդին։

Բյուր շնորհակալություններ խմբագրաց ոմանց, որ չշատանալով իրենց ուզած անձերն ազգասեր, հայրենասեր, առատաձեռն, մարդասեր և այլն հռչակելն, սկսած են այժմ ազնվականություն ալ վաճառել և այս կերպով ազգին մեջ տարածել ազնվականությունն։ Կը խնդրենք միայն այդ խմբագիրներեն, որ ավելի աժան ծախեն ազնվականությունն, որպեսզի ամեն ազգային գնե և ամբողջ ազգն ազնվական ըլլա։


ԷՇՆ ՈՒ ԽՄԲԱԳԻՐԸ

Ցավոք սրտի կը ծանուցանենք, թե Ա... խմբագիրներեն մին, կյուրակե օր մը, Հեյպելի կղզի պարտելու ելնելով աշտանակյալ ի նյուս իշո ավանակի, ինքզինքը չկրնալով բռնել՝ վար ինկեր է։

Կըսվի, թե աջ ոտքը ծանրապես վիրավորված է... իշուն, զոր երևելի բժիշկներեն մին կը դարմանե եզեր այժմ։