Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ոչ ալ Քաղաքական ժողովինը և իրավունք ալ ունին, ինչու որ սրբազան Պատրիարք հոր հիվանդության գլուխը ջախջախված ըլլալով՝ հուսալի է, որ բժշկական ճարտարությունը քիչ օրեն բոլորովին ջնջե զայն և նորին սրբազնությունը մինչև այն օրը կրնա խորհրդականով մը գործել առանց աշխատելու ու միտք հոգնեցնելու։ Քաղաքական ժողովին գալով՝ ասոր ալ վիրավորյալ սիրտը դարմանելը շատ դյուրին է, ասկից վերջը ըլլալիք հարցումները ավելի կոկիկ, անուշ, փափուկ և քաղաքավարական խոսքերով ընելով։ Այդ հարցումներուն ինչպես գրվիլը երեսփոխանաց ոմանց հասկցնելու համար հարցապնդում մը կընենք հոս, որպեսզի այդ լեզվով դրվին մյուս հարցապնդումներն ալ։

Ահավասիկ մեր հարցապնդումը.

Արդյոք Քաղաքական ժողովո պատկառելի անդամները արտոնություն, առանձնաշնորհություն, ազատություն, համարձակություն կը շնորհեն մեզ հարցապնպել նոցունց պատկառելիությանց, թե ի՜նչ քնքուշ և անուշ պարագաներե ստիպյալ, թե ինչ մեղրային ու շաքարային նկատողությանց համար պատիվ ունեցած է ազգային պարտուց մնացած մասին, որ երկու բարերար անձանց տված ստակովն վճարվեցավ, հաշիվը չհրատարակելու բարեբաղդությունը վայելելու պատիվն ունենալու բարեհաճելու շնորհ ըրեր է։

Ահավասիկ մեր հարցապնդումն, որ բավական անուշ է և եթե Խաչատուր սրբազանի՛ սենյակին համար եփված սուրճերուն մեջ դրվի, ազգային սնտուկը ամիսը երկու հարյուր ղուրուշ միայն շաքարեն կը վաստկի։ Ահա հարցապնդումի լեզվին օրինակ մը, որ Քաղաքական ժողովը չվիրավորելու կը ծառայե և թե՛ ազգային սնտուկին ալ օգուտ ունի։

Արդ, կը հուսանք, որ ուշիմ և հայրենասեր հայուն ազգային սնտուկին կամքը հաղթող կելնե, այս հրաժարականներն ետ կառնվին մեյ մալ չտրվելու պայմանավ և ազգային վարչական մեքենան բանիլ կսկսի, նավը կը քալե և վարչական տագնապը մեջտեղեն կը վերնա ի խնդություն ողջամիտ մասին և ի տրտմություն Ղալաթիո խմբակին․․․


ԽԻԿԱՐՆ ԿՐՈՆԱՎՈՐ

— Վերջապես, հայր Խիկար, ըսածդ կատարեցիր ու կրոնավոր եղար։

— Ի՞նչ ընեի, ուրիշ ճամբա չկար, ինձի սրկե սուրճ մը ապսպրե։

— Շատ աղեկ, ի՞նչպես եք, նայինք։