Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/492

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Թո՛ղ տուր, աղբար։

— Խպնելու բան չկա ասոր մեջ, Տիմոթեոս աղա, ամեն մարդու գլխեն անցած է, մարդս յուր առողջությանը համար չնչին բաներու կարևորություն տալու չէ։ Եթե կ՝ուզես անդիի սենյակը երթանք։

— Սա սենյակն ի՞նչ ունի։

— Ինչպես կուզեք նե։ Պառկեցեք ուրեմն սանկ քովընտի, ձա՞խ թե աջ թևիդ վրա պիտի պառկիս։

— Ինչո՞ւ պառկիմ, աղբար։

— Շատ լավ, անանկ ե նե աթոռս բերեմ։

— Միտքդ ի՞նչ է, աղբար։

— Միտքս չիյտե՞ս կոր, տզրուկ պիտի փակցնեմ։

— Ի՞նչ իրավամբ։

— Իրավունքի բան չկա, դուն խաբար ղրկեր էիր։

— Ամենևին։

— Գաբրիել աղան սուտ չպիտի խոսի յա։

— Ո՞ր Գաբրիել աղան։

— Մեր Գաբրիել աղան իշտե։

— Բանդ գնա, աղբար, առտվանցով, քեզի խաբեր են այոլ, այսօր ապրիլին մեկն է։

Մարգար աղան կաս կարմիր կը կտրի, հազար ներողություն կը խնդրե Տիմոթեոս աղայեն և կը դառնա խանութն, ուր կը գտնե Գաբրել աղան, որ խնդալեն կը ճաթեր։

— Սանկ կատակ կըլլա՞ մի յա, կը հարցնե Մարգար աղան, սրվակ մը տզրուկ ի ձեռին, և կը ղրկե աշակերտն պատի օրացույց մը գնելու։


ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ, ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ, ՈՏԱՆԱՎՈՐ

ԿԱՐԾԻՔ, ԱՐՁԱԿ ԿԱՐԾԻՔ, ԲԵՐԱՆԱՑԻ ԿԱՐԾԻՔ,

ԳՐԱՎՈՐ ԿԱՐԾԻՔ

Բացատրելու համար, թե ի՛նչ է պատճառ, որ շատ անգամ ամենապարզ խնդրո մը մեջ իսկ իրարու միտք չենք հասկնար, բավական է ամենապարզ խնդիր մը ստեղծել և անոր վրա կարծիքներ հավաքել։

Ենթադրենք ուրեմն, որ մարդուն մեկն ի ներկայության երեք անձանց ապտակ հանած ըլլա քեզի և դուն ալ դատդ այդ երեք անձանց հանձնես։ Այդ երեք անձերն ի նիստ կը գումարին, կը