Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Հավատարիմ աղբյուրներե քաղված լուրերուն նայելով, ոչ թե այս ինչ մարդն այն ինչ մարդուն զարկեր է, այլ այն ինչ մարդն այս ինչ մարդուն զարկեր է։ Ճշմարտությունն այս է»։

Սրճարանի մը մեջ առանձին տեսակցություններ կունենաս անոնց յուրաքանչյուրին հետ։

— Ի՞նչ գրած եք աղբար, աս կը վայլե՞։

— Ի՞նչ ըսեմ. աղբար, ես ալ չիյտեմ։

— Ճանրմ. աս մարդն չզարկա՞վ ինձի։

— Զարկավ։

— Ի՞նչպես կըլլա ուրեմն, որ հավատարիմ աղբյուրներն, այդ չորնալիք աղբյուրներն․․․

— Ճանըմ, դուն այդ հավատարիմ աղբյուրներուն մի՛ նայի՛ր, ամեն տպարանի մեջ հիսուն հատ շարված, պատրաստ հավատարիմ աղբյուրներ կան, գրաշարներն կը գործածեն լուրերուն առջևը դնելու համար։

— Ինչի՞ նայիմ։

— Ավետարանեն թուղթ չբրդա՞վ ա՛, մեր ազգին մեջ քանի՞ հոգի լրագիր կը կարդա, ո՞վ իմացավ։ Լրագրին անանկ գրել կը վայլե։

— Սո՞ւտ գրել։

— Լրագիրն կրնա՞ մի ըսել, որ այս անուն մարդն այն անուն մարդուն զարկավ, բնականաբար աղեկ չփախչիր, բաժանորդները հաճությամբ չեն կարդար անանկ լուրերը։ Այսուամենայնիվ ամեն մարդ գիտե այսօր, թե այդ մարդը զարկավ քեզի։

— Շնորհակալ եմ։

Այս եղանակավ որպես թե գործը անուշ տեղը կապված կըլլա կոր։

Համարե՛ թե այդ երեք անձերը բանաստեղծական խումբին կը պատկանին։

Լրագրաց մեջ կը կարդաս անոնց հոդվածներն, որ ի նպաստ քեզի գրված են ապտակահանը կը դատապարտեն և զքեզ կարդարացնեն։

Գոհ կըլլաս տեսնելով, թե ազգին մեջ կը գտնվին գոնե երկու երեք գրիչներ, որ ճշմարտությունը կը պաշտպանեն։ Շնորհակալության նամակներ կուղղես իրենց։ Սիրտդ հանդարտ է։

Բայց շաբաթ մը հետո այդ երեք բանաստեղծներու միույն մեկ ոտանավորը կը կարդաս։ Բանաստեղծն կը դատապարտե ոտանավորով ինչ որ պաշտպանած էր արձակով։