Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/508

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Հույն և հռովմայեցի գիտուններն խորհուրդ կուտային հղի կանանց սրահներն ու պարտեզներն հավերժահարսանց ու գեզեցիկ աստվածուհյաց արձաններով ու պատկերներով զարդարել և ապա գեղեցկության վրա խորհիլ, և արդեն այս ազգաց հասարակաց պարտեզներն ու հրապարակներն ըստ այս սկզբան զարդարյալ կինս։

Հերքելու պատճառ մը չունինք հույն և հռովմայեցի գիտունները, միայն թե անցյալները փոքրիկ, սիրուն և գեղեցիկ էշ մը տեսա. որուն մայրն թեև մարգագետնի վրա կը շրջեր, բայց սիրո աստվածներ չուներ ախոռին մեջ, ոչ Աստղիկի՝ արձանն, ոչ ալ Ժազոնի պատկերը։

Հրեշներ չարտադրելու համար զգուշություններ ձեռք առնելու հարկ է։ Այս մասին ուրիշ անգամ ալ խոսած եմ արդեն։

Կանայք հղության ժամանակ տգեղ բաներու նայելու չեն, եթե կը փափագին, որ տգեղ չըլլա իրենց որովայնին պըտուղը։

Եթե շատ անգամ կը տեսնեք աղվեսի դեմքով մարդեր, գիտեցե՛ք, որ անոնց մայրերն իրենց հղության ժամանակ աղվեսի պատկերներուն նայած են։

Նույնպես եթե տեսնեք ապերախտ մարդեր, մի մեղադրեր զանոնք, կատվի պատկերներու նայած են անոնց մայրերն։

Եթե հանդիպիք եղջուրավոր մարդոց՝ խղճացեք անոնց վրա, անոնց մայրերն իրենց սրահներու մեջ եղջերուի շինծու գլուխներու նայած են։

Ոչ ապաքեն ապուշներու մայրերն ոչխարի գլուխներու նայած են։

Նույնպես ընտրանոք լուսանկար պատկեր մտցնելու Է տուները։

Օրինակի համար, չեմ ուզեր, որ մայրերը նային Արշակ Էֆենտիին լուսանկարին։

Լուսինյանի լուսանկարներն ալ նայվելու բաներ չեն³։

Ամեն մայր կրնա նայիլ Խրիմյանի պատկերին։

Վարչական անդամոց լուսանկարներուն սանկ քիչ մը կրնան նայիլ, թեև բնավ չնայիլն նախապատիվ է։

Վահան վարդապետին լուսանկարին նայելն աղեկ Է, ծնող տղան ուր որ կերակուր տեսնե՝ առանց հրավերի, առանց քաշվելու փորը կշտացնելու հատկությունն կունենա։

Վերջապես մայրերն եթե կ՝ուզեն, որ հոգվով գեղեցիկ զավակներ ունենան, կրնան Երկրագունտի հոգվո անմահության նայիլ, բայց ոչ անոր հեղինակին։