Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/509

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՔԻՉ ԽՄԵԼ, ՄԻՇՏ ԽՄԵԼ

Իբրև քաջ հովիվ մոլորյալ ոչխարներս գտնելու և ուղղություն բերելու համար երբեմն երբեմն կստիպվիմ մտնել այն հարկերն ուր օղի կը խմվի։

Իբրև անձնանվեր հովիվ մոլորյալ ոչխարներուս հետ ես ալ կը մոլորվիմ երբեմն երբեմն, միմիայն զանոնք շահելու նպատակավ,

Առաքյալի պես կը վարվիմ, գինի խմողներու հետ գինի կը խմեմ, օղի խմողներուն հետ օղի: Լացողի հետ կուլամ, խնդացողի հետ կը խնդամ: Արևելքի հետ հրեա կըլլամ և Մասիսի հետ հեթանոս։ Եվ այս ամեն զոհողությանց հանձնառու կը լինիմ, բարոյախոսի պարտականությունս անթերի կատարելու համար։

Անցյալ ամսո վերջերն էր, երեկոյան ժամը տասն ու կեսին գինետան մառջևեն անցած ատենս քանի մը մոլորյալ ոչխարներ տեսա, որ գինետան մեկ անկյունը քաշված կը պատրաստվեին խմելու։ Անմիջապես ներս մտա և աթոռի մը վրա նստեցա։ Պարզ էր Բագոսին այս տաճարը․ ուխտավորներն ալ, որոց թիվն հետզհետե կավելնար, աղքատ դասու կը պատկանեին։ Մատռվակն սեղանին առջև կանգնած օղիի գավաթները կը լվար, որք չգիտեմ ի՞նչ արվեստով մատռվակի մատներուն տակ իրարու դպչելով սոխակի պես կերգեին։

Ժամը տասն և մեկին տաճարը լի էր բարեպաշտներով։

Տասն և մեկը տասն անցած ուխտավորներն սկսան երկրպագության։

— Իմ օղիս բե՛ր։

— Իմինս ալ բե՛ր։

— Իմս ալ ղրկե՛։

— Առաջ մեր գործը լմնցուր։

Մատռվակն կայծակի արագությամբ կը կատարեր այս հրամաններն, որ անընդհատ կը կրկնվեին։

Երկրպագուներու մեջ կային, որ առանձինն կաղոթեին, և էին, որ ընկերով։

Կարգապահությունն կատարյալ էր, սեր, միաբանություն, ազգասիրություն կր վազեր բերաններեն... շիշերու։

Կարելի չէ բոլոր երկրպագվաց խոսակցությունը լսել և հոս արձանագրել, երկու ընկերաց միայն, որք մոտ էին ինձի, խոսակցությունն պիտի հրատարակեմ այսօր։

— Սողոմոն, այս իրիկուն չխմենք։

— Կը զարմանամ քեզի, Իգնատիոս աղա, սա մերեթը կը