Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/510

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խմենք կոր նե ուզելովնիս չէ յա։ Այս մասին իմ խիղճս հանդարտ է։ Շիշ մը օղի բեր, ծո՛։

— Մեյ մ՝ալ բժիշկներու հարցո՜ւր։ Մեզեն չմոռնաս, ծո։

— Թող տուր սա բժիշկները, Աստվածդ սիրես, անոնք մեզմե ավելի կը խմեն կոր, տոմաթեսի սալաթայեն բեր։

— Իմ ալ խիղճս հանգիստ է. բայց ի՞նչ օգուտ, մեր մարմինը կը կործանենք կոր՝. Խըյար թուրշուսիեն ալ խավրե կտոր մը։

— Պարապ խոսք։ Մտմտուքը ոգելից ըմպելյաց ամենեն վնասակարն է։ Կենացդ։

— Անուշ ըլլա։

— Թորոս աղա երկաթի պես էր, մտմտուքեն մինակ ոսկոր մնաց և վերջապես մեռավ։

— Չեմ ըսեր, թե իրավունք չունիս։ Կենացդ։

— Անուշ։

— Ամբակում աղան ի՞նչ ուրախ և զվարթ մարդ էր, խեղճը չկրնալով յուր կնկանը դուռնյուռին մեծությանը դիմանալ՝ ինքզինքը մտմտուքի տվավ, օր ըստ օրե տկարացավ և օր մալ ելավ մեռավ։ Ա՜խ, ա՜խ... թոքա մը ընենք։

— Սա շիշը լեցուր, ծո՜։ Շատ իրավունք ունիս։

— Մենք ալ պիտի մեռնինք օր մը, տասը տարի առաջ տասը տարի ետքը, մեծ բան մը չէ. բավական է որ մարդս առանց մտմտուքի անցնե ժամանակը։ Ձեր կենդանությանը։

— Անուշ։ Հակառակը չեմ պնդեր։ Մարկոս աղան աչքիս առջին է, տիփտիրի մարդը մտմտուքեն կործանեցավ։ Կենացդ։

— Անուշ։ Մարգար աղային երեսը չնայի՞ս անգամ մը, րենկ չէ մնացեր, ասանկ երթա նե քանի մը ամիսեն ան ալ կը մեռնի, հինգ զավակ պիտի թողու որբ... о՜ֆ, օֆ. ձեր կենդանությանը։

— Անուշ։ Մեսրոպ աղան ի՞նչ է որ, կը հուսա՞ս, որ ապրի անիկա, մտմտուքեն ապուշ դարձած է խեղճը, ի՜նչ ալ բարոյականի տեր մարդ է... ունայն աշխարհ... ձեր կենդանությանը։

— Անուշ։ Հապա Անտո՞ն աղան, մտմտուքեն չէ՞, որ անցյալները ծով նետեց ինքզինքը. ի՜նչ բարի և ազնվական մարդ էր։ Խեղճին կինն այսօր մուրալու վիճակին հասած է. ա՜խ, սիրտս չդիմանար ասանկ դժբախտությանց։ Սա շիշը լեցուր, ծո՜:

— Ես ալ բուհ սիրտ եմ, չեմ կրնար դիմանալ։ Ծո տղաս, երկու շիշը մեկանց բեր, որ մեքիքի պես չերթաս գաս: Մտմտուք ունեցողներն ընդհանրապես բարի մարդիկ կըլլան կոր։ Կտոր մալ պանիր բերեիր, տղաս։ Չարերը մտմտուք չունին։ Կենացդ։