Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/574

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կարդանք քիչ մը այդ բժշկին տիկնոջը մեկ նամակն, որ հրատարակված է, աջակցություն խնդրելու համար բողոքականությունը տարածելու նպատակ ունեցող ընկերություններե։

Ավասիկ այդ նամակեն կտոր մը․

«Տոքթորը կսկսի խնամել հիվանդները առավոտյան ժամը 8½-ին, երբ արդեն հիվանդանոցին սրահն խռնյալ է, և մինչև արևը մարը մտնա կը շարունակե յուր խնամատարությունը, բայց նորեն շատեր անխնամ ետ կը դառնան։ Նա մի առ մի յուր սեյնակն կընդունի հիվանդները և անոնց հիվանդությանց կը նայի խոսելով Քրիստոսի վրա և իրենց հոգվոց վրա, մինչդեռ ես Աստվածաշունչ կը կարդամ տոմսակ ի ձեռին սրահը իրենց կարգին սպասող հիվանդներուն։ Ամեն օր պատրաստ սիրտեր կը գտնեմք Ավետարանի բարի սերմն ընդունելու տրամադիր, և հիրավի շատ հետաքրքրական է դիտել դալկացյալ դեմքեր և խոռոչացյալ աչեր, որք մեծ փափագանոք իրենց խոսված խոսքերուն կուզեն խորը թափանցել, նաև այնչափ տխուր է տեսնել քրիստոնյա կոչվող ժողովուրդներու կրոնական տգիտությունը։ Սրահի մեջ օր մը խոսակցության միջոցին՝ մի քանի քրիստոնյա անվանյալ կիներ սա տեսակ գաղափարն հայտնեցին, թե թեպետ իրենց տառապանքն մեծ է աստ, բայց իրենք կը մխիթարվին սա մտածմամբ, թե Աստված հանդերձելույն մեջ իրենց մեղաց պատիժեն պիտի զեղչե, որովհետև արդեն այդ պատժույն մեկ մասն աստ երկրի վրա կը կրեն․․. Երիտասարդ հույն կին մը չկրցավ պատասխան մը տալ տոքթորին սա հարցման, թե «Ո՞վ է Քրիստոս»։ Շատ մը վարանումե հետո՝ ըսավ, թե գիտե այդ անունը, բայց չի կրնար ըսել, թե ո՛վ է այդ մարդը...»

Արդարև, շատ հետաքրքրական է լսել ասանկ հարցումներ, երբ հիվանդ մը տարբեր հարցմանց կսպասե։

Օրինակի համար, մեկը ակռային ցավեն տանջվի և այդ բժշկին դիմե:

— Բարև, տեր բժիշկ։

— Բարի եկաք։

— Ոտքդ պագնեմ, ակռայիս դեղ մը․.․ կը մեռնիմ կոր ցավեն։

— Սանկ նստե նայիմ... քանի՞ օրեն ի վեր է որ... Աստվածաշունչ չեք կարդացեր։

— Կաղաչեմ, անցուցեք նախ և առաջ սա ցավը։

— Ղազարոս ո՞վ էր.․․ քանի՞ օրվան մեռած էր, երբ դուրս ելավ գերեզմանեն։

— Կը ծաղրե՞ք զիս։