Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/581

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կը խնդայիք, պարոննե՛ր, եթե օր մր շուկա ելնեի և նպարավաճառի մը հանդիպելով ըսեի անոր.

— Այս ամիսեն սկսյալ ինձի ամեն ամիս պարկ մը բրինձ ղրկե և բաժանորդ գրե զիս։

Հետո կտավա վաճառի մ՝երթալով.

— Գալ ամիսեն սկսելով ինձի մեյ մեկ թոփ լահորաքի ղրկե։

Ետքը մսավաճառի մը.

— Ինձի ամեն ամիս մեյմեկ ոչխար ղրկե։

Հետո կարագ ծախողին.

— Ձեր կարագին բաժանորդ գրեցեք զիս և ամեն ամիս մեյմեկ պզտիկ տակառ ղրկեցեք։

Վերջապես ամեն խանութ հանդիպելով և մեյ մեկ բան ուզելով տունս քաշվեի և մեյ մ՝ալ չերևայի, կ՝ըսեիք, ի՞նչ կ՝ըսեին...

Ի՞նչ պիտի ըսեիք, պիտի խնդայիք։ Ո՞ր վաճառականն է, որ տարին մը վերջը վճարելու պայմանավ ապրանք կը ծախե։ Ոչ ոք։ Եվ եթե վաճառականության մեջ այսպես է, ինչո՞ւ լրագրության մեջ ալ այսպես չըլլա։

Մենք ոչ ումեք թերթ ղրկած ենք առանց մեզմե խնդրվելու կամ երրորդի մը հանձնարարության. ուստի բնավ պարտականություն չունեինք աղաչելու, պաղատելու և ոչ ումեք, որ հաճի, շնորհ ընե պարտքը հատուցանելու։ Արդ, այս առթիվ կը փութանք ծանուցանել միանգամ ընդմիշտ, թե բնավ չպիտի պատասխանենք այն նամակաց, որ գավառներեն կը հասնին մեզ շարունակ և փափագ կը հայտնեն Խիկարի բաժանորդ գրվելու, եթե այդ նամակները բաժնեգինն ալ մեկտեղ չբերեն մեզ։ Մերժողական պատասխան տալու համար ալ փոսթայի ծախք ընելու պարտավոր չենք զգար մենք զմեզ։ Փոսթայի ծախք թերթի համար, փոսթայի ծախք ստակ ուզելու համար, փոսթայի ծախք աղաչելու համար, փոսթայի ծախք աջ «ձրի թերթ ղրկելու ժամանակ չունիմ» ըսելու համար... փոխանակ այսպես ընելու Խիկարի նպաստ փոսթայի ըսենք, մեջեն ելլանք։

Այս տողերն, զորս չուզելով գրեցինք, ուշադրությանն հանձնելով այն բաժանորդաց՝ որ տակավին հատուցած չեն իրենց բաժնեգինը, կը խնդրենք, որ բարեհաճին վճարել զայն։

Չմոռնանք հիշել նաև, թե կան կարգ մը մարդիկ՝ որ լավ դաստիարակված ըլլալու համբավ ունենալով հանդերձ, որպես իրենց սպասավորին հետ կը վարվին ցրվիչներու հետ.