Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/589

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարծիքը հավաքելու համար, ատենապետը կը հրամայե երեսփոխանաց.

— Ով որ այս բանաձևը կընդունի, թող ոտք ելնե։

Երեսփոխանք ոտք կելնեն և կը համրվին։

— Հիմա ալ ոտք ելնեն անոնք, որ չեն ընդունիր այս բանաձևը։

Դարձյալ ոտք կելնեն, մինչդեռ կրնային համրվիլ հակառակ կուսակցության երեսփոխականներն իրենց աթոռներու վրա նստած ժամանակ ալ։ Մարմնամարզությունը կը պահանջե, որ անոնք ալ ոտք ելնեն։

Դարձյալ շփոթություն կը տիրե։

Ատենապետը կը պոռա.

— Անոնք որ կընդունին՝ վեր վերցնեն իրենց ձեռքը։

ձեռքերը կը բարձրանան։

— Չընդունողներն ալ վեր վերցնեն իրենց ձեռքը։

Անոնք ալ կը վերցնեն։

Դիվանն ալ կը վերցնե, ունկնդիր ժողովուրդը չվերցուներ միայն։

Երրորդ ընդդիմախոսության արհեստն այնքան հառաջ գնաց, որ շատ փաստաբաններ Ազգային ժողովո վիճաբանությանց ներկա կը գտնվին անոնցմե օգտվելու համար։

Չորրորդ՝ հավասարությունն այն աստիճանի հասավ, որ շատ անգամներ խոհարարն ատենապետ կըլլա և յուր աղան ատենադպիր, զոր երբեմն ի կարգ կը հրավիրե, թեև աղան ալ յուր խոհարարը կը ճամբե։

Հինգերորդ սորվեցուր մեր, ժողովրդյան, թե վիճաբանության ժամանակ ներելի է զիրար նախատել ամենածանր խոսքերով, բայց թե ժողովեն դուրս յուրաքանչյուր ոք պարտավոր է զիրար գրկել և իբր չեղյալ նկատել այդ անարգանքները, զորս ազգին շահուն համար միայն կստիպվեին ընել իրերաց։

Վեցերորդ երեսփոխանք ոմանք սորվեցան, թե ո՛ր կուսակցության հարել պարտավոր են իրենց առևտրական գործերուն մեջ հաջողելու համար և ազգին անձնանվիրաբար ծառայող երևնալու համար։ Կոշկակար մը, ուսկից կոշիկ չէի գներ, միշտ հակակարծիք գտնվեցավ ինձ ժամանակավ, Ազգային ժողովո մեջ։ Ասոնց նման ուրիշ շատ օգուտներ ևս ունեցավ աղգը Սահմանադրութենեն, օգուտներ՝ որոց մի առ մի թվումն խիստ երկար կըլլա։

Բայց, հակառակ Սահմանադրության այս օգուտներուն՝