Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/614

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հանցավորը, կըսեն, դիպվածն է։ Պետք է դիպվածը բռնել և իրմե տուգանք պահանջել։

Ո՞վ կրնա ձերբակալել դիպվածը։

Վերջապես ի՞նչ պատիժ կը սահմանվի ինձի երբ հասարակաց պարտեզի մը դալարաց վրա շրջագայած ժամանակս ջրհորի մը մեջ իյնամ ու խեղդվիմ։

Ավելորդ է ըսել, թե հանցավորն ես եմ։ Արդ, առժամանակյա շղթայակապ բանտարկությա՞ն կը դատապարտվիմ, թե մահվան, որովհետև սպանություն կա գործին մեջ, ԵՍ սպանած եմ ԶԻՍ։ Պետք է գոհացնել ԶԻՍԸ. հարկ է ուրեմն սպանել ԵՍՆ, որ մեռած է։ Ի դեպ է կարծեմ հիշել ա՜յն խոսքը՝ թե մեռյալներ կան, զորս հարկ է սպաննել։

Այդ ջրհորին տերը գոնե կտոր մը հանցանք չունի՞։ Չունի, որովհետև նա ջրհորին բերանը դիտմամբ բաց ձգած է, որպեսզի պարտիզին մեջ պարտողները միշտ իրենց ոտքերուն տակը նային, փոխանակ իրարու հագուստի և կապուստին նայելու և հետո զիրար բամբասելու։ Բարոյականություն կա խնդրոյն մեջ։

Հանցավորն ես եմ, ըսինք, բայց բարեսիրտ մարդիկ զիս ալ անպարտ կը հռչակեն և պարտավոր կը վճռեն դիպվածը։

Ո՜, փաստաբաններ, եթե սա դիպվածը մեռցնելու հնարք չկա՝ այս դիպվածին պատասխանատու մը ստեղծելո՞ւ ալ ճարը չկա։ Թող պիտի տա՞ք, որ այս անագորույն դիպվածը մերթ ընդ մերթ ան ու աս մեռցնե։


ԳՐԱԿԱՆՈԻԹՅԱՆ ՀՈՌԻ ԿՈՂՔԵՐԸ

Ամենայն վերապահությամբ կը փութանք հայտնել, թե հրապարակի վրա հաճախ գործածված քանի մը փոխաբերական ասացվածներ, թեպետև նվիրագործված, արժանապատվություններ վիրավորելու հանգամանքն ունին։

Խթանն, որպես գիտեք, երկաթյա սրածայր գործիք մէ, որով գյուղացին կը խթե արորի կամ սայլի լծված եզները կամ կովերն, որպեսզի քալեն։ Քաղաքացին ալ՝ երբ Սարը Յար ջուրերը երթա՝ հիշյալ գործիքն պզտիկ փայտի մը ծայրն անցունելով՝ կը գործածե խթել էջն, որպեսզի շուտ քալե։ էշերուն ներելի չէ համր քալելը. սա խեղճերուն ճակատագիրն ալ այս է։

Ա՜րդ, շատ անգամներ կը կարդամ լրագրաց մեջ.