Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/623

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կամ եպիկուրյան մէ, որ Տեմոսթենի քթին կը խնդա։ Այսօր Ազգային ժողովո արձանագրությանց մեջ անձնական տկարության պատճառավ բացակա նշանակված երեսփոխան է, որ Հյունքյար—Սույի նստած տասներկու սարտելան մեկանց կուլ կուտա. երկու նկանակ հաց կը լափե և վեց շիշ գինի խմելեն ետքը կը խցե ստամոքսին բերանը։ Երեկ ճամթորդության պատճոռավ բացակա երեսփոխանն էր, որ քանի մը ընկերուհյաց հետ նավակ մը կը մտներ ձուկ որսալու համար Վոսփորին չգիտեմ ո՛ր ծակը։ Վաղը մահվան պատչառավ բացակա երեսփոխանը պիտի ըլլա, որ ծովեզերյա զբոսարանի մը մեջ անձնատուր պիտի ըլլա երևակայության բորբոքման։ Եթե ավելի քաջասրտություն ունենայի և չվախնայի ավելի արդար ըլլալե — թեև չափավոր արդար ըլլալու համար իսկ չափազանց քաջություն պետք է այսօր — պիտի խոստովանեի, թե մենք հայերս չուզելով կամ չկրնալով ջնջել ինչ որ մոլություն է, անորմե օգտվելով կը շատանանք։ Մոլություններեն տուրք կառնենք ի նպաստ առաքինության։ Կը դողամ երևակայել, թե ինչ պիտի ըլլար մեր ազգին կրթական վիճակը, եթե մերթ ընդ մերթ ազգին մեջ երևան չգային այն հավերժական հիշատակաց արժանի բարեսիրտ, առատաձեռն և անմահ բարերարներն, որ իրենց դրամով վարժարաններ կը պահեն և որ պատիվ ունին կոչվելու քատրիլ, քոնյաք, տեքոլթե... և այլն և այլն և կամ ինչպես կըսե Մանզումե «վե ղայրիհյում, վե ղայրիհյում, վե ղայրիհյում։ Սիրելի եղբարք իմ, կը պարենք, մեր ոտքերը կը վարժեցնենք թեթևության, հայ մանկտյաց գլուխները ծանրացնելու համար, եթե այս դրությունը շարունակվի ազգը պիտի ստիպվի օր մը գլուխով քալել և ոտքով խորհիչ Գինիով կոգևորվինք ազգային ոգի ներշնչելու համար մեր զավակաց, թեև ասոնց տուներուն մեջ ազգային ոգիեն ավելի գինվո ոգի կը գտնվի, այսինքն ազգասիրութենե ավելի չամիչ, և երբ նեղը մնան ազգասիրությունը կը վաճառեն և չամիչը կը պահեն ավելի բարձր գնով վաճառելու, համար։ Մեր կուրծքերր կը բանանք, ոչ թե մեր կուրծքեն վիրավորվելու համար, այլ մեր կուրծքով վիրավորելու համար, մեր սիրտերը կը պարզենք, որպեսզի գործնականապես ուսուցանենք անոնց, թե ի՛նչ է անկեղծությունը։ Վերցուցեր պարը, ջնջեցեք գինին, գոցեցեք թևերը և կը գոցվին Միացյալ ընկերությանց վարժարանները։ Բարձ ի միջո պատճառն և կը վերնա արդյունքն։ Տխուր չէ՞ այս կետը։ Բարձ ի միջո արդյունքն և չբառնար ի միջո պատճառը։ Ավելի տխուր չէ՞ այս։