Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/643

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երվանդ Կ. Գարթալյանե հորինված «Առաջնորդ թվաբանության ի պետս մանկանց» ստացանք։

Գինն 3 դահեկան է։

Վստահ ենք, թե սույն դասագիրքն ալ հեղինակին մյուս դասագրյանց պես ջերմ Ընդունելությամբ պիտի դիմավորվի ազգային վարժարաններեն։

— Ամբակում աղա, իմացա՞ր կայծակին պատմությունը։

— Ո՞ր կայծակին։

— Անցյալ գիշեր Իճատիե տուն մը կայծակ ինկեր է ծխնելույզեն, խոհանոցը մտեր է, խոհանոցեն ելեր մառանը մտեր է, մառանեն կերակուրի սենյակը գացեր է, անկից հյուրերու սենյակը մտեր է, հյուրերու սենյակեն դուրս ելեր ու սանդուխեն վեր ելնելով, տան տիրոջ սենյակը մտեր է, քիչ մը պիրոն խառներ Է...

— Բան մը տարե՞ր Է։

— Ի՞նչ պիտի տանի, հետո վար է իջեր և քանի մը դրացիներուն տուներն ալ պարտեր է։

— Կերևա թե զարնելու մեկը փնտրեր է ու չէ կրցեր գտնել, նայե կուգա՞ մի իմ կինս զարնելու։

Սարսափելի խավարյալ մը.

— Միքայել աղա, Սահմանադրության վրա սրբազան Պատրիարքին ուխտ ըրած օրը դուն ալ եկեղեցի՞ն էիր։

— Չե՛։

— Ինչո՞ւ չգացիր։

— Շիտակը կուզե՞ս, խղճմտանքիս դպավ։

— Խղճմտանքի բան չկա հոս:

— Սահմանադրության վնասներն այնքան մոտեն տեսա, որ անոր վրա ուխտ ըլլալը լսեմ նե՝ ինձի անանկ կուգա, որ ազգը կտոր մ՝ալ կործանելու ուխտ կըլլա։

Անցյալ կյուրակե ներկայացում մը տրվեցավ Բերա, ի նպաստ Դպրոցասեր Տիկնանց ընկերության։

Խաղին անունն Է Քառատո։ Գլխավոր դերը կատարեց հանրածանոթն Ադամյան։

Պատիվ ունիմ հայտնել կատարյալ անկեղծությամբ, թե բան մը չհասկցա այս խաղեն։