Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/655

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իսկ հիմարություն է։ Ընդհանրապես հարուստ են այն ազգերն, որոնց մեջ շատ սնանկություններ կը պատահին։ Արտաքս հարստության չիք սնանկություն։ Աղքատի մը սնանկությունն տեսնված չէ ցարդ:

Եվ ի՞նչ է հիմարությունն, եթե ոչ սնանկություն մտաց։ Սկիզբն հիմարության զենիթն է իմաստության։ Մանավանդ թե հիմարությունն իմաստության քոնդռոլն է. ջնջե հիմարությունն և այն ատեն կը տեսնես թե ինչ հիմարություններ կը գործե իմաստությունը։ Բնական էր ուրեմն, որ նախկին հիմարանոցը չբավեր մեր արդի մտային զարգացման և չկարենար տանիլ մեր ազգային հիմարներն, որ դուրսը կը մնային անդարման և կը թափառեին խմբագրատանց մեջ, ժողովներու մեջ և լրագրաց մեջ։

Ազգը ցավոք սրտի կը դիտեր խմբագրատանը, ժողովոց և լրագրաց մեյ մեկ հիմարանոցի վերածումն և կը փափագեր հարկի մը մեջ պատսպարել յուր հիմարները, որպեսզի մշակեր հիմարությունը։ Իմաստո՜ւն հիմարություն։ Եթե սնանկությունը չքաջալերվեր՝ ոչ ոք պիտի հանդգներ փափագելու մեծ վաճառական լինիլ։ Նույնպես պիտի վհատեին ազգային բանաստեղծները, պիտի հուսահատեին ազգային գրագետներն և իրենց հանճարը խնայողությամբ պիտի գործածեին, եթե հոյակապ հիմարանոց մը չունենար ազգը։ Հիմարությունն իմաստուններու իտեալն է։ Մինչև իսկ կը հանդգնիմ կարծել, թե մեր ներկա մտային զարգացման դանդաղ ընթացքը կանոնավոր հիմարանոցի մը չգոյության վերագրելի է․ այո՛, հիմարությունն իմաստության անթառամ պսակն է, և ազգային պատմությունը ցույց կուտա, թե քանի դասատուներ և գրագետներ պատիվ ունեցած են հիմարանոցի մեջ ավանդել իրենց հոգին։

Կը հավանիմ, թե հիմարությունը քաջալերելով վարձատրած կը լինինք իմաստությունն... յուր հիմարության մեջ։ Հնար չէ՞ միթե իմաստուններու համար ալ հիմարանոց շինել և խրախուսել զանոնք, երբ դեռ կը վայելեն իրենց իմաստությունը։ Դիոգինես շատ աղեկ պատասխանած է այս հարցման, երբ քանի մը մարդիկ անոր մոտենալով հասկնալ ուզած են, թե հարուստներն ինչո՞ւ աղքատներուն կ՝օգնեն և իմաստասերներուն չեն նպաստեր։

— Որովհետև, պատասխաներ է — սա գերազանց պատճառավ այն դարուն մեջ — որովհետև, պատասխաներ է, ամեն կը վախնա աղքատ ըլլալե և ոչ ոք կ՝երկնչի իմաստասեր ըլլալե:

Բերանը պագնեմ Դիոգինեսին, որուն մեկ արձանը շինել տալու