Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/670

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շվարեցավ մնաց երրորդ հարցմանս առջև, հետո ակամա խնդալով պատասխանեց․

— Տղաս, շիտակը զրուցե՞մ քեզի, մաղերս կը ներկեմ նե, չկարծես որ պզտիկ երևալու համար է, այլ ինքզինքս հարբուխեն ազատելու համար է.․․ հարբուխի շատ աղեկ է այս ներկը։

Առի՞ր պատասխանը։ Եթե գործ չունիս, սկսե հարցնել հիմա.

— Օրիորդ, ձեր աչքերուն ծարի՞ր քսած եք։

— Տեր ողորմյա, ատ ի՞նչ խոսք է... չեմ ընդունիր։

— Շիտակը զրուցե, ես օտարական չեմ։

Ճարը կը հատնի և․

— Շիտակը զրուցե՞մ... աչքի հիվանդություն մունեի, բժիշկը այս դեղը տվավ, կը քսեմ կոր... իրավ որ զարդարանքի համար չէ։

— Օրիո՛րդ, ձեր երեսը շպարած եք։

— Անանկ խոսքեր չեմ ուզեր ես․․․ ես քուկին գիտցած աղջիկներեդ չեմ, կը հասկնա՞ս։

— Մի՜ պահեր։

Շատ ընդդիմություններեն ետքը․

— Երեսիս վրա պզտիկ պզտիկ պալարներ կային, զանոնք ջնջելու համար այս սպեղանին տվավ բժիշկը․ խենդ եմ, որ ուրիշ նպատակավ օծեմ երեսս։

Կեղծոռիկի առթիվ հարցուր այսօր կանանց․

— Ինչո՞ւ չեք նետեր սա կեղծոռիկը։

— Ինչո՞ւ նետենք, մենք անիկա իրրև նորաձևությո՞ւն կը գործածենք կոր.․․ խելվընիդ սիրենք... մեջքերնիս տաք պահելու համար է, որ կը դնենք կեղծոռիկը. լաթի մը կտորին ի՞նչը պիտի սիրեինք։

Պատասխան ունի՞ք:

Ի՞նչ ընե ուրեմն խեղճ բարոյախոսն երբ ամեն քայլափոխին գիտությունն խոչընդոտներ հարուցանե յուր առջև․ երբ պճնամոլությունն՝ գիտությունն իրեն թև և թիկունք առած՝ բարոյագետին քթին կը խնդա, երբ ամեն պճնամոլություն առողջապահական տեսակետով կարդարանա։ Երգիծաբանն ի՞նչպես արձակե յուր նետերն երբ ծարիրն, սնգույրն և շպարն իբրև վահան ունին գիտությունը և արձակված նետերը, փոխանակ վիրավորելու, ծիծաղը կը շարժեն պճնամոլության և գիտության։ Միթե ծիծա՞ղ շարժել է երգիծաբանի մը նպատակը, գիտությունը խնդացնե՞լ է։ Այս գիտությունը փորձանք մէ բարոյականի գլխուն։ Պետք է կամ