Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/673

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հավաքիչը կը բարկանա և նախատական եղանակավ մը.

— Ես քու սպասավորդ չեմ:

Այu եղանակին վրա կը սրտմտիս և եղանակը փոխելով կերգես. Ա.․.վա..․նա ա ակ, ամեն վանկին մեյ մեկ աստիճան իյնալով, այսինքն ֆա մի րե ե ե ե ե..» (diminuendo)։ Հավաքիչը զարմացմամբ՝

— Ա...վա...նա՜կ... (mezzoforte) և մեյ մեկ աստիճան բարձրանալով, այսինքն լա... սի... տո...

(Ձայնագրութենեն շատ չեմ հասկնար, բայց կերևակայեմ, թե ձայնին աստիճանաբար բարձրացումն զարմացական նշանը պետք է ըլլա ձայնագրության)։

Հավաքիչը. — Այս... սոլ... խոսքը սի տո՜ո՜ոոո քեզի լա, րե... չը վայլեց... տո ֆա մի...չը վայլեց...մի...ֆա...տո՜...չվայլեց.․․ տո մի ֆա...չվայլեց...ֆա մի տո... չվայլեեեեեեեեե՜ց. և այլն, և այլն, և այլն. լա սի...տոոոոոոոոոոոո...շարունակությունը հաջորդ թերթով։

(Ա՜հ, սիրելի Շիլլերս, իրավ է որ լար մարդիկ երգ չունին, բայց բարի մարդիկ ալ բան մը չունին)։

Վաճառականը. — Շատ տո, եր, սի, կըն, լա, ցու, սոլ, ցիր, ֆա:

Հավաքիչը. — Ա, սի յո՛, տո:

Վաճառականը. — ժամե մը եկուր, ֆա ֆա ֆա ֆա:

Հավաքիչը․ — Շատ լավ, լա լա:

Վաճառականը. — Երթաք բարով (presto)։

Հավաքիչը. — Խոնարհ հարգանքներս (tempo comodo)․ գոհ կը մեկնի հավաքիչն և վաճառականն ալ վիրավորված չէ. մինչդեռ առանց եղանակի եթե այդ ծանր բառը գործածվեր, իրարու գլուխ կը պատռեին։ Այսպես վաճառականն ու հավաքիչը փոխանակագրի խնդիրը կը կարգադրեն և թոքախտին ալ ճամբան կը կտրեն։

Հարուստները միջին դասու վաճառականներեն որոշելու համար կրնան, եթե ուզեն, դաշնակ մունենալ իրենց վաճառատունն և դաշնակ զարնելով երգել։ Դաշնակահարություն չգիտցողները կրնան դաշնակահար մը վարձել։

Միայն կը խորհիմ, թե ամեն մարդ եթե երգել սկսի՝ ի՞նչպես պիտի կրնանք անցնիլ ոսկերիչներու շուկայեն, Ղալաթիայեն, կամուրջեն. ի՞նչպես պիտի կրնաք լսելի ընել զմեզ։

Կը մտմտամ նաև, թե այսչափ երգեցողներուն մեջ պարող չպիտի՞ գտնվի բնավ։ Պարն ալ չի՞ կրնար ստամոքսի տկարությունն