Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ

Դարս դերասաններու է, ամեն կողմե դերասան կը փնտրվի կոր, և խեղճ դերասաններն ալ զամենքը գոհացնելու համար ամենուն հետ պայմանագրություն կստորագրեն կոր:

Լսածնուս նայելով երկու դերասան և երկու դերասանուհի, որոնք Վարդովյանի հետ պայմանագրությամբ կապված են եղեր, այս անգամ ուրիշ պայմանագրությամբ տաճկի մը հետ կը կապվին և Սելանիկի ճամբով Սուլթան Պայազիտ շինվելիք թատրոնը երթալու համար շոգենավ մտած ատեննին, Վարդովյանի բողոքին վրա կառավարության կողմե վար կը դրվին¹։

Ի՞նչ է այս դերասանաց ստորագրություննին լզելու պատճառը, մենք չպիտի քննենք, որովհետև շահու համար ստորագրություննին լզողներ, շահու համար իր ազգն օտարներու առջև ծաղու նշավակ ընողներ, շահու համար ամեն օր օտար լրագրաց գրասենյակները պտըտելով Վարդովյանին դեմ ատելության ոգի բուրող հոդվածներ հրատարակել տվողներ, շահու համար իրենց ազգին հայհոյողները գլուխնուն վրա կրելու զիջանող մաեսթրոներ այնչափ տեսած ու այնչափ զզված ենք, որ ալ զզվելու կարողություն չէ մնացեր վրանիս։

Վարդովյանն ալ կրցա՞ծ է պայմանագրությունն կետ առ կետ գործադրելով ամեն ամսուն կեսին դերասաններուն կես ամսականը վճարել, ասոր ալ այո՛ չենք կրնար ըսել, աղեկ գիտենք, որ ինչպես ամեն մարդ ալ գիտե, որ ամառվան եղանակին մեջ Վարդովյանն միշտ վնաս ինելուն համար, շատ գոհ չկրնար ընել իր դերասանները, բայց ձմեռվան եղանակին՝ իր պայմանագրությունն կետ առ կետ կը գործադրե։ Եթե այս դերասաններն ամսականնին օրին չառնելնուն համար ելնեին, ո՞վ բան մը ըսելու իրավունք կունենար, բայց երբ չառած ատեննին չեն ելլար և առնելու ատեննին կելնեն, իրավունք կուտան ամենուն կասկածելու, թե գործիք եղած են ուրիշի կրից և դժբախտաբար բարոյապես կը վնասվին հասարակության առջև։