Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԱՆՅԱԿ, մեկուսի

Ինքը որ այս հասակին մեջ ուրիշ կանանց կը քծնի: (Բարձր) Մարգարի հետ չպիտի կարգվիմ։ (Կ’երթա):


ՏԵՍԻԼ Զ.

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, վերջը ՆԻԿՈ

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Շուտով հագվիմ, իմ Սոֆիիս երթամ, գիշերը կը մոտենա, սա նամակներն ալ գրպանս դնեմ երկուքն ալ, որուն մեկը Լևոնին է, որ վաղը առտու պիտի գա սիրահարություն ընելու ինձի հետ... փաստով. մյուսը Սոֆիիս, որուն հետ այս գիշեր պիտի սիրահարություն ընենք... լեզվով։ (Զանգակը կը զարնե, Նիկո կը մտնե): Շուտ հագուստներս բեր, կարմիր ու ճերմակ ներկերն ալ միատեղ։ (Նիկո կ’երթա) Սովորություն եղած է, ինչ ընեմ, հնազանդելու է, խնդալու բան, հա՛, հա՛, հա՛, ինձի պես մարդու մը երեսը ներկելը ճիշտ հին տուներու ճակատը ներկելու կը նմանի, որոնք դրսեն անցորդներուն ուշը կը գրավեն, ներս մտնողներուն ալ ծիծաղը կը շարժեն:


ՆԻԿՈ

Հա դուստներդ բերի, տեր:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Բռնե հագնիմ:


ՆԻԿՈ. հակառակ կողմեն բռնելով. Թափառնիկոս չկրնար թևերը գտնել:

Հրամմեցեք տեր։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, բարկությամբ

Ո՞ւր են թևերը.


ՆԻԿՈ

Ո՞ւր պիտի ըլլան, վրան են. կարծեցիր թե գողցա՞: